Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
Քաղաքական
13:30 17/04/2017
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախօրեին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մասնավորապես ասել է. «Այն ինչ Թուրքիայում տեղի է ունենում, դա Թուրքիայի քաղաքացիներին է առնչվում: Եվ Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը ինչ որոշում կայացնի, մենք այդ որոշումը կհարգենք»:

Շարունակելով խոսքը՝ Բահրամ Ղասեմին հավելել է. «Ինչ վերաբերում է դրան, թե Թուրքիայի ընտրություններն ու դրանց արդյունքների ընդունումն ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա, ապա գնահատականների հարցում չպետք է շտապել, պետք է համբերել: Մենք հուսով ենք, որ այդ հանրաքվեն կնպաստի Թուրքիայում խաղաղության և կայունության հաստատմանը»:

Հիշեցնենք, որ իրանցի քաղաքական վերլուծաբան Սադեղ Մալեքին, անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, մասնավորապես նշել էր. «Ներկայիս Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան Թուրքիայի ժառանգորդն է, Իրաքում և Սիրիայում իրականացվող բռնությունների հիմնական կատարողն է: Եթե Սիրիայում և Իրաքում իշխանությունը գտնվեր սուննիների ձեռքում, Թուրքիան չէր նպաստի այդ երկրներում ճգնաժամի առաջացմանը»:

Placeholder
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին