Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Մշակույթ
09:54 18/04/2017
Հայաստան

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության տարաբնույթ ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ:     

Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ապրիլի 18-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշել «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ համատեղ թեմայի շրջանակում կազմակերպում է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես:        

«Ցուցահանդեսը այցելուին կներկայացնի Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները` մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով:  Այն հրաշալի հնարավորություն է մոտիկից ճանաչելու և նորովի արժևորելու Երևանի մշակութային ժառանգությունը՝ հազարամյակների պատմություն ունեցող Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը:   ԻԿՕՄՕՍ/Հայաստանի և «Էրեբունիե արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված  «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթե  ցուցահանդեսըե կգործի մինչև  2017թ. մայիսի 8-ը»,- այս մասին հայտնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից և  ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպությունից: 

Նշենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն այս տարի Հայաստանում անցկացվում են «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունը, համա­գոր­ծակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Միջոցառումների նպատակն է հնարավորություն ստեղծել հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը:

Մշակութային ժառանգությունը դիտարկելով որպես տնտեսական և սոցիալական կարևոր գործոն՝ արդյունքում ստեղծվում են տեղային զարգացման նոր մոդելներ, որոնք խթանում են մշակութային ժառանգության պահպանությանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:                                                                                               

Placeholder
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է