Խաչատուրովի նշանակումով ռազմավարական առումով իրավիճակը չի փոխվի. քաղաքագետ
Քաղաքական
12:47 18/04/2017
Հայաստան

Խաչատուրովի նշանակումով ռազմավարական առումով իրավիճակը չի փոխվի. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դրական գնահատեց Հայաստանի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրվելը։

«Մենք փաստացի ունենք մի իրավիճակ, երբ հետխորհրդային տարածքում գործող ամենակարևոր երկու ինտեգրացիոն գործընթացների ղեկավարներն այն պահին հանդիսանում են Հայաստանի ներկայացուցիչներ՝ Տիգրան Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը։ Սակայն ՀԱՊԿ-ի շրջանում պետք է հասկանանք, որ միգուցե որոշ չափով երանգները կփոխվեն տարածաշրջանային անվտանգության և արցախյան հարցի շուրջ, բայց որակապես լուրջ փոփոխություն տեղի չի ունենա, ռազմավարական առումով իրավիճակը չի փոխվի։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի շատ արձանագրային և բյուրոկրատական գործողություններ է իրագործում»,-մանրամասնեց Սերգեյ Մինասյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի ներսում բավականին երկար ժամանակ անհանգիստ է լինելու, քանի որ հասարակությունը պառակտված է. «Առնվազն հասարակության կեսը դժգոհ է ստեղծված իրավիճակից։ Կարծում եմ՝ ընդհանրապես Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է լինելու, իսկ դա բացասական կանդրադառնա հայ համայնքի վրա։ Իրավիճակից ելնելով կվատանան նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի զորավարժություններին՝ Սերգեյ Մինասյանն ասաց, որ դրանք բավականին լայնամասշտաբ են, բայց հույս հայտնեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անցյալ տարվա ապրիլյան էսկալացիայից, և հետագա զարգացումներից ելնելով,  չափից ավելի սրացումների սահմանագծում չի գնա։

Placeholder
Խաչատուրովի նշանակումով ռազմավարական առումով իրավիճակը չի փոխվի. քաղաքագետ