Բրինձն աճեցված է Արցախի Խերխան գյուղում
Տնտեսություն
16:09 19/04/2017
ԼՂՀ

Բրինձն աճեցված է Արցախի Խերխան գյուղում

«Քարֆուր»-ում վաճառվող բրինձը, պարզվում է, իսկապես աճեցված է Արցախում: Ամերիկահայ Քերոլայն Բաղումյանը Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղում բնակվող ամուսնու ծնողների հողամասում որոշել է փորձնական բրինձ աճեցնել:  Իրանից բերած սերմը ցանել է հատուկ տուփերի մեջ, խնամել, անհրաժեշտության դեպքում դրանք ծածկի տակ են տեղափոխել: Սպասված 48-50 կիլոգրամի փոխարեն 28 կգ բրինձ են հավաքել, ավելի նեղ՝ քան սերմացուն է:

«Բայց շատ համեղ է»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Քերոլայնը:

Նա ասում է, որ բրինձ արտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ջուր շատ է ուզում, ծախսն էլ շատ է: Փորձնական արտադրությունը կշարունակեն, բայց ընդլայնել այս պահին չեն նախատեսում:

«Մեծ ծախս է պահանջում ընդլայնումը, ջերմոցի մեջ երևի պետք է լինի արտադրությունը, Ղարաբաղի բնակալիմայական պայմաններն այնքան էլ լավ չեն, շատ խոնավասեր բույս է: Մենք անընդհատ այդ տուփերում աչեցրած բրինձը տեղից տեղ էինք տեղափոխում: Հիմա այս տարի ավելի քիչ քանակությամբ ենք թեստ անելու»,-ասաց նա:

Տիկին Բաղումյանը տեսել է, որ Իրանում բրինձ աճում է, մտադիր է Արցախում էլ հասնել բրնձի արտադրության:

Ստացած բերքի մի մասը տիկին Քերոլայնը փաթեթավորել է, հանձնել «Քարֆուր» և «Նոր Զովք» սուպերմարկետներին: Ասում է՝ շատ չի վաճառվել, ընդամենը 5 կգ:

«Մենք կես կգ-ն 950 դրամով ենք հանձնել խանութին: Այս պահին մենք որևէ օգուտ չունենք,  փորձնական բան է, ցանկանում ենք նաև տեսել մարդկանց  վերաբերմունքը հայրենական արտադրանքին, գնին»,-ասաց նա:

Ամերիկահայ ամուսիները պատրաստվում են այս տարի փորձել, թե ինչպես է աճելու սև բակլան:
«Ամեն տարի մի բան փորձում ենք մի յուրահատուկ բան աճեցնել, սոյայի լոբի ենք աճեցրել, որից պանիր ենք փորձում պատրաստել»,-ասաց նա:

Մինչ վաճառքի հանձնելը բրինձ արտադրող կինը հետաքրքրվել է օրենքի պահանջների մասին, ասել են, փոքր արտադրություն է, ոչինչ պետք չէ: Սակայն այս տարվա հունվարից որոշ բաներ են փոխվում՝ ԵԱՏՄ կանոնակարգերի հետ կապված:

Panorama.am-ին ՍԱՊԾ-ից հայտնեցին, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»:

Արդյունքում պարզվել է, որ Արցախում (Խերխան գյուղում) Real Yummy Bagels ընկերությունը, ըստ տնօրենի՝ Քերոլայն Բաղումյանի հայտարարության, փորձնական աճեցրել է բրինձ՝ 28,5 կգ, փաթեթավորել և հանձնել այն վաճառքի՝ «Քարֆուր» և Սարյան փ. վրա գտնվող «Նոր Զովք» խանութներ:

«Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, և ՍԱՊԾ-ն ժամանակավորպես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչև անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն այն կարճ ժամկետում շտկելու և իրացնելու նպատակով:  Ընկերությունը գրանցված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում»,-ասացին ՍԱՊԾ-ից:


Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը Panorama.am-ին հայտնել էր, որ  Արցախում բրնձի արտադրություն, ցանքատարածություններ չկան, բրնձի մշակությամբ չենք զբաղվում»:

«Մարդ է եղել, որ սիրողական, փորձնական քիչ տարածքի վրա բրինձ են աճեցրել, սակայն արտադրական նշանակության ցանքատարածություններ չունենք»,-ասել էր նա:

Լուսանկարները՝ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից:

Placeholder
Բրինձն աճեցված է Արցախի Խերխան գյուղում