Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
13:18 20/04/2017
Հայաստան

Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան

«Երկար տարիներ քայլ առ քայլ գնում ենք դեպի «Ազգ-բանակ» կարգախոսի»,- Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը սկսեց կանգնել կարևոր հիմնահարցի առջև՝  ինչպիսի կրթություն են ուզում, որ ունենա Հայաստանի անկախ Հանրապետությունը, ինչպիսի տեսլական է  դրվելու կրթական համակարգի հիմքում:

«Ցանկացած երկրի կրթական համակարգ ծառայում է այդ տեսակի շարունակականության ապահովմանը: Հայաստանի կրթական համակարգի հիմնական գործառույթը, նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է: Այդ տեսլականի, գաղափարախոսության մեջ անկյունաքարային դարձավ հանրակրթական դպրոցում, այնուհետև նաև բարձրագույն, միջին մասնագիտական կրթական համակարգում  հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը: Կատարվեց հսկայական աշխատանք, մենք վերադարձրեցինք դպրոց ռազմագիտության ուսուցիչներին:

Այսօր ունենք  բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթության  քաղաքականությունն իրականացնող ամբողջ մի պրոֆեսիոնալ համակազմ, այսօր հասել է պահը, որպեսզի խոսենք շատ ավելի մեծ, ամբիցիոզ մյուս փուլին անցնելու անհրաժեշտության մասին»,- ասաց Լ. Մկրտչյանը:

Նրա խոսքով, դպրոցն ունի առաքելություն, հատկապես Հայաստանի պայմաններում, երբ երկիրն այնքան փոքր է, որ չկա թիկունք, սահման հասկացությունը:

«Մենք պարտավոր ենք մեր կրթական համակարգում դնել հիմնական չափորոշիչը, որն անվանում ենք պարզ արտահայտությամբ՝ հայրենասիրական դաստիարակություն:

Սիրելի մանկավարժներ, մեր վրա է դրված այս երկրի ապագան ապահովելու առաքելությունը: Մենք պետք է  կարողանանք ազգ-բանակ շատ մեծ  գաղափարախոսությունը մատչելի, հասանելի դարձնել յուրաքանչյուր ընտանիքի համար:  Սա կրթության համակարգի մեծագույն առաքելությունն է: Վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները դա անելու համար, ունենք Հայաստանի նախագահի  բացարձակ հովանավորությունը և կանաչ լույսն այս ուղղությամբ գնալու համար, ունենք անհրաժեշտ նյութական ռեսուրսները: Եթե մենք կարողանանք սա դարձնել գործնական մի քանի ուղղություններով ծրագրեր, վստահ եմ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում բարձրագույն, միջին, հանրակրթական համակարգում կունենանք շատ լուրջ արդյունքներ:

Մեր ժողովրդին, մեր երեխաներին մեկ անգամ հիշեցնեք, որ ավելի բարձր մասնագիտություն, քան սպայի մասնագիտությունն է, չկա: Սա արիստոկրատիայի, առաջամարտիկների, ազնվական դասի առաքելությունն է եղել պատմականորեն: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ յուրաքանչյուր դպրոցում լինեն երեխաների տասնյակներ, ովքեր կերազեն դառնալ սպա»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Placeholder
Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան