Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6 տոկոսով
Տնտեսություն
19:45 20/04/2017
Հայաստան

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6 տոկոսով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6%-ով։ Միաժամանակ, մարտ ամսվա ՏԱՑ-ը փետրվարի նկատմամբ կազմել 14.3%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մարտի համեմատ՝ 6.8%:

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին աճել է 16.1%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 11.7%-ով, իսկ 2016թ-ի մարտի համեմատ՝ 17.2%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 9.3  տոկոսով: 2016թ. հունվար-մարտի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 10 տոկոսով:

Առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա հունվար-մարտին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.3%-ով:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` անկում է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում:

Մասնավորապես,  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը այս տարվա եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.5%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 13.6%-ով: 

Սպառողական գները ևս, ըստ ԱՎԾ-ի, նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ նվազել են 0.3%-ով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 17.4 %-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 16.5 %-ով (443.1  մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 17.9%-ով  (803.7 մլն դոլար):

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մարտին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.1 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 1.2%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 1.8%-ով` կազմելով 155 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 2.2%-ով՝ հասնելով 219  հազար 613 դրամի:

 

Placeholder
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.6 տոկոսով