Արցախում մեկնարկում է «Արվեստը հանուն խաղաղության» միջազգային նոր նախագիծը
Մշակույթ
16:11 26/04/2017
ԼՂՀ

Արցախում մեկնարկում է «Արվեստը հանուն խաղաղության» միջազգային նոր նախագիծը

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագծի մեկնարկի մասին:

Նախագծի գեղարվեստական ղեկավարն է իտալացի  դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնի մասնակից և պաշտոնական նվագակցող (2013, 2015թթ.) Լուկա Ֆերինին, ով պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու Արցախում մշակույթի զարգացմանը, մշակութային նոր կապերի ստեղծմանն ու ամրացմանը, արվեստի միջոցով խաղաղության ամրապնդմանը:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ,  ծրագրի մեկնարկը կտրվի ապրիլի 27-ին ժամը 17:00-ին Շուշիում,  Լուկա Ֆերինիի, սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և բելգիացի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ համերգով:

Ապրիլի 30-ին` ժամը 18:00-ին  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում  կայանալիք համերգին հյուրերին կմիանան արցախցի երիտասարդ  երաժիշտները: Համերգներին կներկայացվեն հայտնի դասական և ժամանակակից կոմպոզիտորների  ստեղծագործություններ:
Նախագծի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր:

 

Placeholder
Արցախում մեկնարկում է «Արվեստը հանուն խաղաղության» միջազգային նոր նախագիծը