Այստեղ մի սերունդ է հավաքվել, որն ուզում է և կարող է ինչ-որ բան փոխել. Հնդկաստանի փոխնախագահ
Քաղաքական
12:44 26/04/2017
Հայաստան

Այստեղ մի սերունդ է հավաքվել, որն ուզում է և կարող է ինչ-որ բան փոխել. Հնդկաստանի փոխնախագահ

Այսօր Երևանի պետական համալսարանում  կայացավ  Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի՝ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումը:

ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը միջոցառման սկզբում ներկայացրեց փոխնախագահի կենսագրության և քաղաքական գործունեությանը վերաբերող դրվագներ՝ նկատելով, որ 80-ամյա քաղաքական գործիչը Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից՝ միաժամանակ հանդիսանալով Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը: ԵՊՀ պրոռեկտորը նաև նշեց, որ մինչ Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնը ստանձնելը Մոհամմադ Համիդ Անսարին զբաղվել է դիվանագիտական աշխատանքով:

Գեղամ Գևորգյանը հիշեցրեց՝ Հնդկաստանն այն երկիրն է, որտեղ 18-րդ դարում զարգացել և կոփվել է հայ միտքը՝ ի դեմս Շահամիր Շահամիրյանի:

Հնդկաստանի փոխնախագահն իր հերթին ողջունելով ներկաներին՝ նկատեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում. «Ուրախ եմ լինել հնագույն երկրում: Այս լսարանում այնպիսի սերունդ է հավաքվել, որն ուզում է և կարող է ինչ-որ բան փոխել, իսկ համագործակցությունը պետք է հիմնված լինի խաղաղասիրական փոփոխությունների վրա: 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը դժվարությունների առջև կանգնեցրեց բոլորիս, բայց համատեղ կարողացանք հաղթահարել այն: Գլոբալիզացիայի այս ժամանակահատվածում դժվարությունները շատ են և դրանք այսօր մարդն է կարգավորում, քանզի մարդն է ամենակարևոր արժեքը»:

Հնդկաստանի փոխնախագահի ելույթից հետո ուսանողները հարցեր ուղղեցին վերջինիս։ Դրանցից մեկը հնչեց փոխնախագահի մայրենի լեզվով։ Ուսանողուհու հարցը վերաբերում էր Հնդկաստանում  հայերենի և Հայաստանում հնդկերենի ուսուցմանը, 2 լեզուների՝ մշակութային կապերի ամրապնդմանը նպաստելուն։

«Առաջին քայլն այն է, որ դու խոսում ես ու հարցը ձևակերպեցիր հնդկերենով: Ուսանողներ ունենք, ովքեր գալիս են այստեղ և ձեր լեզուն արդեն հասցրել են յուրացնել», - արձագանքեց Մոհամմադ Համիդ Անսարին:

Միջոցառման ավարտին ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը Հնդկաստանի փոխնախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհեց։






Placeholder
Այստեղ մի սերունդ է հավաքվել, որն ուզում է և կարող է ինչ-որ բան փոխել. Հնդկաստանի փոխնախագահ