Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Բաբայան. Ակնկալել, որ նման հանդիպումների ժամանակ հակամարտության կարգավորման բոլոր հարցերը լուծվելու են՝ ճիշտ չէ
Մոսկովյան այս հանդիպումը, ինչպես ցանկացած հանդիպում մենք արժևորում ենք, քանզի նրանք կարևոր են: Սակայն ակնկալիք ունենալ, որ նման հանդիպումների ժամանակ հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր հարցերը լուծվելու են, ճիշտ չէ: Անդրադառնալով այսօր Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպմանը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Արցախյան հակամարտությունը պետք է դիտարկել երկու հարթությունում: Առաջինը՝ խնդրի բուն կարգավորումն է, որը կարող է երկար տևել՝ հաշվի առնելով Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը, իսկ մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում: Հիմնականում այս հարթությունում են ընթացել բանակցությունները: Իհարկե քննարկվում են նաև այլ խնդիրներ, բայց հիմնական շեշտը դրվում է հենց այս հարթությանը վերաբերող հարցերի վրա: Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ կրկին անգամ կարևորվել ու շեշտադրվել է Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ այդպիսով շեշտը դրվում է այն մեխանիզմների մշակման և ներդրման վրա, որոնք թույլ կտան ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտմումները, ավելի օպերատիվ կերպով արձագանքել ինչ որ ձևով նաև պատասխանատվության կանչել այն կողմին կամ կողմերին, որոնք խախտել են զինադադարի ռեժիմը:
Խոսնակը կարևորեց նաև այն, որ հանդիպման ժամանակ շեշտվել է խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը:
«Սա փաստորեն ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ինչքան էլ այն դժվար կամ երկար լինի» ասած նա և մասնավորեցրեց, որ այդ հանդիպմանը ներկա են եղել մյուս համանախագահող երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը և դա ցույց է տալիս, որ խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ հավաքական մոտեցում ունեն համանախագահ երկները: