Կարեն Կարապետյան. Հայաստանում «Արգենտինական գինու շաբաթ»-ի անցկացումը հաջողված էր
Տնտեսություն
14:14 28/04/2017

Կարեն Կարապետյան. Հայաստանում «Արգենտինական գինու շաբաթ»-ի անցկացումը հաջողված էր

Թեև Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով մեծ մասնաբաժին ունի, այդուհանդերձ, ապրանքաշրջանառության ցուցանիշները գոհացուցիչ չեն, և դեռևս շատ անելիք կա առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիայի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետն առաջարկել է դիտարկել արգենտինական բիզնեսի համար մեր երկրում գործարար համաժողով կամ բաց օրեր կազմակերպելու հարցը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ երրորդ երկրների շուկաների ներդրումային հնարավորություններին ծանոթացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը նաև հաջողված է համարել Հայաստանում «Արգենտինական գինու շաբաթ»-ի անցկացումը:

Գոնսալո Ուռիոլաբեիտիայի խոսքով՝ Արգենտինան մշտապես կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որոնք այսօր բարձր մակարդակի վրա են և պետք է աշխատել, որպեսզի այդ մոտեցումը հավասարապես արտացոլվի նաև տնտեսական գործակցության ոլորտում: Նա նշել է, որ դեսպանությունն ակտիվ աշխատում է ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի շուրջ և մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:

 

Placeholder
Կարեն Կարապետյան. Հայաստանում «Արգենտինական գինու շաբաթ»-ի անցկացումը հաջողված էր