Վեդիում աղբի տեսակավորման կայան, Ալավերդիում՝ կարի ֆաբրիկա
Տնտեսություն
12:25 29/04/2017

Վեդիում աղբի տեսակավորման կայան, Ալավերդիում՝ կարի ֆաբրիկա

Վեդի համայնքի ղեկավարը վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացրել է քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման ծրագիրը, որը  գնահատվում է 100 մլն դրամ:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, արդեն իսկ մասնավորը կատարել է 25 մլն դրամի ներդրում, կառավարությունից ակնկալվում է 75 մլն դրամի վարկային միջոց: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել վարկային միջոցների ներգրավման հարցում:

Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է շարժական սպանդանոցի հիմնման ծրագիրը, որը գնահատվում է 130 մլն դրամ: Կարեն Կարապետյանը նկատել է, որ նման ծրագիր ներկայացրել է նաև մարզի Վեդի համայնքը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է գնահատել դրանց քանակն ըստ անհրաժեշտության:

Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանը նշել է, որ նման հաշվարկ կատարել են և շարժական սպանդանոցն ընդունելու է պատվերներ մարզի բոլոր համայնքներից: Մարզպետի խոսքով, եթե բացի այս ծրագրից ներկայացվի սպանդանոցի հիմնման մեկ այլ ծրագիր, ապա կառաջարկեն ներդրումներն ուղղել այլ ոլորտ, քանի որ շարժական սպանդանոցի ծրագիրն ամբողջությամբ կլուծի խնդիրը:

Նշվել է նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունն էլ մշակել է սպանդանոցների օպտիմալ տեղաբաշխվածության քարտեզը: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է քննարկել նշված ծրագիրը և ներկայացնել առաջարկություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարը ներկայացրել է զբոսաշրջության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ոլորտների մի քանի նախագծեր:

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել կարի ֆաբրիկա հիմնելու ծրագրին, որի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել 600 աշխատատեղ, իսկ երկրորդում՝ 1600: Ալավերդի համայնքի ղեկավարը նշել է, որ համայնքը պատրաստ է ներդրողին հատկացնել անհրաժեշտ շենքային տարածքը՝ իր ենթակառուցվածքներով: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ավելացրել է, որ ծրագիրը քննարկման փուլում է, սակայն ներդրողը պատրաստ է այն իրականացնել միայն որոշ ժամանակ անց, ուստի ներդրումային ծրագրի փաթեթը կարող է ներկայացվել այլ ներդրողների ևս:

Մարզպետի խոսքով, Ալավերդին արդյունաբերական քաղաք է և հիմնական աշխատատեղերում այսօր ներգրավված են հիմնականում տղամարդիկ:

Ըստ Նալբանդյանի, դեռևս խորհրդային ժամանակներում քաղաքում երեք հերթափոխով գործել է կարի ֆաբրիկա, այսինքն աշխատուժի խնդիր այսօր չի լինի:

Անդրադառնալով նշված ծրագրին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է այն առարկայական քննարկել թեթև արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների հետ:

«Կառավարությունը պատրաստ է ծրագրի իրականացման վարկային միջոցները սուբսիդավորել: Այս ծրագրի հարցում ամեն կերպ կանգնելու ենք համայնքի կողքին»,- ընդգծել է վարչապետը:

Placeholder
Վեդիում աղբի տեսակավորման կայան, Ալավերդիում՝ կարի ֆաբրիկա