Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն
Տնտեսություն
13:07 02/05/2017
Հայաստան

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն

Ապրիլի 27-29-ն աշխատանքային այցով Թեհրանում էր գտնվում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, Իրանում ՀՀ դեսպանությունից ստացված հաղորդագրության համաձայն, 
Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համապատասխան մարմինների միջև համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ կապված հարցեր:

Զրուցակիցներն ընդգծել են, որ այն կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորել է երկու երկրների կողմից Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի օգտագործումը, ինչի մասին նշված ՀՀ և ԻԻՀ նախագահների 2016 թ. դեկտեմբերի 21-ին Երևանում ընդունած համատեղ հայտարարությունում:

Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել, որ իրանական կողմը ձեռնամուխ է եղել հայկական համարանիշներով ավտոմեքենաների Իրան մուտքի համար վճարների հետ կապված խնդիրների լուծմանը և հույս հայտնել, որ շուտով այն կկարգավորվի:

Հանդիպման ավարտից հետո Վարդան Հարությունյանն ու Մասուդ Քարբասիանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը:

Թեհրան այցի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: ՀՀ պատվիրակության անդամներն «Արարատ» մարզավանում հանդիպել են նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Placeholder
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն