Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք
Իրավունք
18:45 03/05/2017
Տարածաշրջան

Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք

1993թ. մայիսի 3-ին ՄԱԿ-ի կողմից այդ օրը հայտարարվեց որպես մամուլի ազատության միջազգային օր: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս առթիվ թուրքական «Birgün» թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակին:

Ըստ թերթի՝ վերջին մեկ տարում արտակարգ դրության պայմաններում ընդունված, օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում Թուրքիայում դադարեցվել է հարյուրավոր հրատարակությունների գործունեությունը: Տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս պահին անազատության մեջ է գտնվում 159-ից մինչև 168 լրագրող:

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ թուրքական թերթին հարցազրույց տված տարբեր թուրքական իրավապաշտպան կառույցների  և լրագրողական միությունների ղեկավարները դատապարտել են երկրում մամուլի և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումներն ու բռնությունները՝ նշելով, որ Թուրքիան վերածվել է բացօթյա բանտի:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշը հետևյալ մեկնաբանությունն է արել.

«Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք: Նրանց ազատությունները լիովին զրոյի են հավասարեցվել: Լրագրողները շնչել անգամ չեն կարողանում: Հարյուրավոր լրագրողներ ամիսներ շարունակ փակված են բանտերում, իսկ նրանց մեծ մասի վերաբերյալ մեղադրական եզրակացություններն անգամ դեռևս կազմված չեն»:

Յարքադաշը  հիշեցրել է, որ անազատության մեջ է գտնվում նաև «Birgün» թերթի թղթակիցներից մեկը, ում վերաբերյալ ոչ առաջադրված մեղադրանքն է դեռ հայտնի, ոչ մեղադրական եզրակացությունն է պատրաստ:

Աղբյուրը հիշեցնում է, օրեր առաջ «Freedom House»-ի կողմից հրապարակված մամուլի ազատության համաշխարհային զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 163-րդ տեղը՝ ընդգրկվելով անազատ մամուլ ունեցող երկրների ցանկում:

Placeholder
Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք