Վարչապետը՝ սուբսիդավորման նոր քաղաքականության  մասին
Տնտեսություն
11:54 04/05/2017
Հայաստան

Վարչապետը՝ սուբսիդավորման նոր քաղաքականության մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տնտեսության գերակա ոլորտներում պետության կողմից աջակցության վերաբերյալ:

«Բազմիցս բարձրաձայնել ենք տնտեսական  գերակա ոլորտներում պետության կողմից  նպատակային և արդյունավետ աջակցության տրամադրության մասին: Կարծում եմ` ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի աջակցություն: Մասնավորապես, առաջարկում ենք այդ ոլորտներում մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսների սուբիսավորման նոր քաղաքականություն»,-  նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքերով՝ դա կնպաստի տնտեսության արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանը, և ամենակարևորը` նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց տնտեսական զարգացման, ֆինանսների, գյուղատնտեսության  նախարարներին երկու շաբաթյա  ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ  քննարկել բանկային տոկոսների սուբսիդավորման հստակ առաջարկություններ ըստ գերակա ոլորտների:

«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում, երկու խոսքով ուզում եմ մեկնաբանել, մենք նման քննարկումներ իրականացրել ենք գյուղատնտեսության նախարարությունում կաթիլային ոռոգման, գյուտեխնիկայի լիզինգային սպասարկման վերաբերյալ : Թեթև արդյունաբերության ոլորտում եթե վարկ են վերցնում, մենք տրամադրված ենք երկու տարով սուբսիդավորել բանկային տոկոսները»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Placeholder
Վարչապետը՝ սուբսիդավորման նոր քաղաքականության մասին