Սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
Տնտեսություն
14:00 05/05/2017
Հայաստան

Սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը

Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո  պարտատոմսերը ցուցակվելու են «Nasdaq OMX Armenia»  ԲԲԸ  կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է  1 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար:  Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը  6 մլն ԱՄՆ դոլար է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը  100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս , իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը  տարեկան 5,75 տոկոս է: 

«Այս թողարկմամբ Կոնվերս Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցները ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը»,-աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Պարտատոմսերը աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն: Դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ՓԲԸ-ն, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն է և մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:

Բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»  ԷլԷլՍի-ն(80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06% )  և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):

31.03.2017թ դրությամբ, Կոնվերս Բանկի ակտիվները կազմում են 203,281,106 հազար դրամ, պարտավորությունները՝ 170,223,811 հազար դրամ: Բանկի  ընդհանուր  կապիտալը  33,057,295  հազար դրամ է:

Մանրամասներն՝ այստեղ։

Placeholder
Սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը