Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ
Տնտեսություն
14:20 06/05/2017

Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ

Բոլոր ուսումնասիրությունները փաստում են, որ համայնքների խոշորացումը կառավարման արդյունավետ ձև է և համայնքներում առաջ են բերել լուրջ որոշակի փոփոխություններ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով, խոշորացման ծրագիրը կշարունակվի, պրոցեսը կավարտվի հաջորդ տարի: Հայաստանի փորձը ԵՄ-ում ճանաչվել է լավագույներից մեկը:

«Այս տարի մենք պետք է կարողանանք 32 խոշորացված համայնք ունենալ շուրջ 380 և ավելի համայնքների միացման արդյունքում»,-ասաց նախարարը:

Լոքյանն ասաց, հանձնարարել է տեղեկանքներ պատրաստել այն մասին, թե խոշորացված համայնքներն իրենց միջոցներով ինչպիսի աշխատանքներ են կատարում:

«Մեկ օրինակ եմ ուզում ներկայացնել ամենահեռավոր, ամենափոքր խոշորացված համայնքի մասին: Շիրակի մարզի Աշոցքի Սարապատ համայնքը փոքր գյուղերով միավորված միավոր է: Համայնքում կարողացել են որոշակի ֆինանսական ռեսուրսներ առանձնացնել, որի արդյունքում կարողացել են ձեռք բերել երկու բուլդոզերներ, վառելանյութ, միջհամայնքային բոլոր ճանապարհները փորձում են բարեկարգել»,-ասաց կառավարության անդամը, հիշեցնելով, որ համայնքը խոշորացվել է մոտ վեց ամիս առաջ:

Նրա խոսքով, համայնքն ընդունել է մի շատ հետաքրքիր որոշում, բյուջեից 6 մլն դրամ հատկացրել է բարձրորակ սերմեր գնելու և այն համայնքի բնակիչներին տրամադրելու համար, որպեսզի աշնանը կարողանան այն վերադարձնել:

«Համայնքում սկսել է լուսավորության պրոցեսը, նախկինում այդ տարածքում անհասանելի պրոցես էր: Համայնքի կազմում մտնող բոլոր գյուղերում այս կամ այն  աշխատանքներ են ընթանում»,-ասաց նա:

Placeholder
Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ