Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արարատ Զուրաբյան. Որոշում եմ կայացրել հրաժարվել պատգամավորի մանդատից. 168.am
«Որոշում եմ կայացրել Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հայտարարել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին»: 168.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ նա ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը հետ պահանջած «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մեկն էր:
«Ինքնաբացարկների դիմումներից հրաժարվելու այս շքերթը, որը լայն արձագանք ստացավ քաղաքական շրջանակներում և մամուլում ու շատերի կողմից իրավացիորեն դիտարկվեց որպես ուղղորդված գործընթաց, իմ մեջ առաջացրել է լրջագույն հիասթափություն։
Անկախ ամեն ինչից գործ ունենք տղամարդկային խոսքի ու խոստումի դրժման, արժանապատվությունը մանդատի հետ փոխանակելու ցածր ու անբարո գործելակերպի, այդպիսով նաև պատգամավորի պատիվը արատավորելու անընդունելի փաստի հետ: Ինչպես կարող են պատգամավոր դառնալ մարդիկ, ովքեր ոչ միայն քաղաքական պայմանավորվածություն, այլ տղամարդու խոսք պահելու ունակ չեն: Նման ցածր ու տղամարդուն ոչ վայել պահվածքով մարդիկ ոչ միայն չեն կարող, այլև բարոյական իրավունք չունեն որոշումներ կայացնել երկրի ու ժողովրդի ճակատագրի վերաբերյալ: Ի վերջո, բացի քաղաքական հարաբերություններից կա մարդկային ճշմարիտ վարքագիծ, որի սահմանը անցնողները չպետք է տեղ ունենան խորհրդարանում:
Ուստի՝ չցանկանալով նույնականացվել երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցների, մարդկային այդ ճղճիմ տեսակի հետ, ես որոշում եմ կայացրել Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հայտարարել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին։ Համոզված եմ, որ թե՛ իմ կենսագրությամբ, թե՛ անցած ճանապարհով կայացրել եմ այս իրավիճակին համարժեք որոշում։ Միաժամանակ հաջողություն եմ մաղթում «Ծառուկյան» դաշինքի բոլոր արժանապատիվ ներկայացուցիչներին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իրենց հետագա քաղաքական գործունեության ընթացքում»,-հայտարարել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: