Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ զեկույցը մեծ ծավալով տարածվել է.  Ռուբեն Մելիքյան
Իրավունք
12:55 06/05/2017
Հայաստան

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ զեկույցը մեծ ծավալով տարածվել է. Ռուբեն Մելիքյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին հրապարակած  միջանկյալ զեկույցը, որտեղ ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունները, թույլ տրված մարդու իրավունքների խախտումները, մեծ ծավալով տարածվել է, դարձել շատ կառույցներում քննարկման առարկա: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մեր մանդատն է մեր գործառույթների շրջանակներում փաստահավաք առաքելություն իրականացնել, ամփոփել միջազգային հանրության համար հասկանալի լեզվով: Տվյալ դեպքում կազմել ենք զեկույց, հրապարակել, որը, իմ շատ գործընկերների խոսքերով, որակական հատկանիշներով  տեղավորվում է միջազգային չափանիշների շրջանակներում: Մեծ ծավալով կարողացանք տարածում իրականացել ոչ միայն մենք անձամբ, այլ մեր շատ գործընկերներ, որոնց մասին տեղյակ էլ չենք: Այդպես մենք կարողացանք այս խնդիրը օրակարգային դարձնել շատ կառույցների համար, քննարկման առարկա դարձնել»,- նշեց նա:

Ռ. Մելիքյան խոսքով, աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կան, որոնց մասին տեղեկատվական գաղափար էլ չկա. «Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեզ հաջողվել է  ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների մասին իրականում բարձրաձայնել»:

Նա նշեց, որ շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները, այդ մասին բարձրաձայնելու է  տարբեր ուղևորությունների ժամանակ:

Խոսելով ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության  հետ կապած ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ ներկայացված  գործերի մասին,  Ռ. Մելիքյանն ասաց, որ 23 գործ կոմունիկացված է, վերաբերում է Ադրբեջանի հսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին: Նա նշեց, որ դեռ չեն տեսնում կոմունիկացված քաղաքացիական բնակչության ռմբակոծության հետ կապված գործերը:

«Պատահական էլ չէ, կզարմանայի, եթե Եվրոպական դատարանը հակառակ առաջնահերթությամբ շարժվեր: Շարժվել է մարդու իրավունքների կարևորության կամ նշանակության առաջնահերթությամբ»,- ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Placeholder
Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ զեկույցը մեծ ծավալով տարածվել է. Ռուբեն Մելիքյան