Կարեն Կարապետյան. Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետ
Տնտեսություն
15:09 12/05/2017
Հայաստան

Կարեն Կարապետյան. Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է, որ արդեն ավարտին են մոտենում 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերի մշակման աշխատանքները: Դրանք շուտով ներկայացվելու են կառավարության հաստատմանը: Ռազմավարությունների հիմնական նպատակներն են՝ մարզերի մրցունակության բարձրացումն ու տարածքային անհամաչափության նվազեցումը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, դրանցով  նախատեսվում է, որ 2025 թվականի դրությամբ յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը:

Ակնկալվում է նշված ժամանակահատվածում ստեղծել բարձր որակավորում ունեցող 50 հազար աշխատատեղ՝ անկախ գյուղատնտեսության ոլորտը ներառող աշխատատեղերից: Միայն 2017 թվականին նախատեսվում է ստեղծել նման 3 հազար նոր աշխատատեղ:

Ներդրվել է մոնիթորինգային գնահատման համակարգ, որով ըստ ժամանակացույցի իրականացվելու է ծրագրերի ընթացքի վերահսկողություն: Վերջին ամիսների ընթացքում մշակվել են նաև բոլոր մարզերն ընդգրկող 160 ներդրումային ծրագրեր: Նշվել է, որ վարչապետի հանձնարարությամբ կոմերցիոն բանկերի մասնագետների ներգրավմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար այցելում են մարզեր և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ անցկացնում մրցունակ ներդրումային ծրագրերի մշակման սեմինար

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համայնքների խոշորացման, համայնքներում տարբեր ծառայությունները մասնավոր կառավարման հանձնելու գործընթացին, Համայնքային ծառայության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, Տարածքային կառավարման հայեցակարգի նախնական տարբերակին, «Մաքուր Հայաստան» ծրագրով նախատեսված միջոցառումներին և այլն: 

«Ճիշտ ուղու վրա ենք, շատ բան ունենք անելու: Դուք պետք է մի բան գիտակցեք, որ այսօր, ի դեմս ձեր թիմի՝ մենք տեսնում ենք այն մարդկանց, որոնք տարածքային կառավարման մեջ պետք է կատարեն համակարգված փոփոխություններ: Եթե ցանկանում ենք ունենալ համաչափ, զարգացած երկիր, բնակիչ, որի կենցաղային անհրաժեշտ կարիքները բավարարված են, պետք է իրականացնենք փոփոխություններ: Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը, հասկանա մարզն ուր է գնում, երազանքը որն է, ինչպես ենք շարժվում առաջ»,-ասել է վարչապետն ու  անհրաժեշտ համարել նաև եռաստիճան կառավարման համակարգում գործառույթների հստակ բաժանումը:

 

Placeholder
Կարեն Կարապետյան. Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետ