Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ
Մշակույթ
11:22 16/05/2017
ԼՂՀ

Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ

Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկնիկներ պատրաստող Սյուզին և Լուսինեն ասել են, որ իրենք տիկնիկ պատրաստելու գործով զբաղվել են իրարից անկախ, ծանոթանալուց հետո են որոշել միասին աշխատել:

«Արդեն 2 տարի է, ինչ ես և Լուսինեն ճանաչում ենք միմյանց: Մեզ իրար հետ կապել է նույն   գործով զբաղվելը. երկուսիս  հոբբին էլ տիկնիկներ պատրաստելն է: Մեր գործն էլ հետագայում  վեր է ածվել յուրօրինակ բրենդի: Ես տիկնիկ պատրաստելու գործում մասնագիտական կրթություն  չունեմ, տիկնիկ պատրաստելը սովորել եմ տատիկիցս: Մենք հավաքածուներ ենք ստեղծում՝ կապված որևէ առիթի հետ:  Տարեմուտի մեր առաջին հավաքածուն միայն Ամանորին  էր    վերաբերում: Այս  անգամ էլ որոշել ենք հայկական ազգային տարազով տիկնիկներ պատրաստել: Տիկնիկների շորիկների նախշազարդերը համապատասխանեցրել ենք հայկական տարազների  երանգներին: Մենք շատ կապված ենք մեր տիկնիկների հետ և նրանցից  դժվարությամբ  ենք  բաժանվում: Մեր տիկնիկները  կրում  են միայն հայկական անուններ՝ Նանե, Նարե, Սաթեն, Արփի, Գոհար և այլն: Շատերն են սիրում ու գնահատում ձեռքի  աշխատանքը և հաճույքով  էլ գնում են: Մենք սիրում ենք նաև մեր տիկնիկները մեր մտերիմներին նվիրել:

Երազում ենք ունենալ տիկնիկներ պատրաստելու դպրոց-արհեստանոց, որտեղ շատերը կսովորեն հայկական բրենդային տիկնիկներ պատրաստելու  գործը: Մենք ցանկանում ենք աշխարհին  ներկայանալ հայկական տիկնիկների հավաքածուներով»,-ասել է  Սյուզին: 

Լուսինե Պետրոսյանն ասել է, որ մեկ տիկնիկ պատրաստելու համար մոտ 3 ժամ աշխատում  են. «Գործն այնքան էլ բարդ չէ, բայց մեծ ուշադրություն և ջանք են պահանջվում մեզանից:  Ձգտում ենք օգտագործել միայն բնական հումքից կտորներ, թելեր, լցոնանյութեր, որը մեզ միշտ չի  հաջողվում:

Այս տարվա մայիսի  9-ին  մենք մասնակցել Շուշիում կազմակերպված ցուցահանդեսին: Շատերն  էին հետաքրքրված մեր տիկնիկներով, կային հետաքրքիր արձագանքներ: Ընդունում ենք նաև անհատական պատվերներ: Կարծում ենք, որ մեր տիկնիկները մշակութային կյանքում իրենց   ուրույն տեղն ու դերը կունենան: Հորդորում ենք դեռահասներին ու երիտասարդներին, որ ոչ թե  կախվածություն ունենան համակարգչից, այլ մեզ նման զբաղվեն ձեռքի  աշխատանքով, չէ որ  դրանք էլ արվեստի յուրօրինակ տեսակներ են:

Աղջիկ երեխաների ամենասիրած խաղալիքը տիկնիկն է: Ես էլ եմ մանկուց սիրել տիկնիկով   խաղալը: Ուրախ եմ, որ այսօր էլ ուրիշ երեխաներ են խաղում իմ ու Սյուզիի պատրաստած տիկնիկներով: Մենք ոգևորված և հպարտ ենք մեր աշխատանքով»: 

Placeholder
Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ