Վարչապետ. Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա
Տնտեսություն
16:26 17/05/2017
Հայաստան

Վարչապետ. Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա

ԱԻՆ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հեռանկարային է համարել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից վերջերս կառավարություն ներկայացրած հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը:

«Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է գնանք, որովհետև համեմատական վիճակագրությամբ հրթիռային հակակարկտային համակարգի և այսօրվա գործող համակարգի միջև սար ու ձորի տարբերություն է: Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով պիլոտային  ծրագիրն անելու ենք և դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն ԱՄՆ դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է գույքագրել առկա գազագեներատորային հակակարկտային կայանները՝ սեփականության ձևերից ելնելով, տեխնիկական վիճակը, տեղակայման նպատակահարմարությունը և կարգավորել ոլորտի նորմատիվ դաշտը:

«Պետք է բացառենք առանց ԱԻՆ հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը: Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք: Որովհետև այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում», - նշել է վարչապետը: 

Կարեն Կարապետյանը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է հնչած առաջարկությունները գրավոր ներկայացնել կառավարություն՝ նշելով, որ դրանք կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած նախարարություն է, և շատ մեծ աշխատանք է կատարված: Ձեզնից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում: Մենք նախարարի հետ մինչ այս հանդիպումը խոսել ենք այսօր առկա մի քանի հնարավորությունների մասին, և ճիշտ, խելացի կառավարման դեպքում դրանց էֆեկտը շատ կլինի: Մենք ուշադրություն ենք դարձնելու զինվածությանը, ուսումնական ծրագրերին և բոլոր այն խնդիրներին, որոնք մեր գործընկերները բարձրացրեցին այսօր, որովհետև հասկանում ենք այս օղակի կարևորությունը», - եզրափակել է կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք՝ միայն անցյալ տարի միայն Արմավիրի մարզում հակակարկտային 12 նոր կայաններ տեղադրելու համար կառավարությունը հատկացրել էր 36 մլն դրամ։
 

Placeholder
Վարչապետ. Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա