Իրանի նախագահի առաջին տեղակալը հօգուտ Հասան Ռոհանիի՝ հրաժարվել է ընտրապայքարից
Քաղաքական
10:33 17/05/2017
Տարածաշրջան

Իրանի նախագահի առաջին տեղակալը հօգուտ Հասան Ռոհանիի՝ հրաժարվել է ընտրապայքարից

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հօգուտ Հասան Ռոհանիի՝ հրաժարվել է ընտրապայքարից,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Էսհաղ Ջահանգիրին Ֆարս նահանգում իրականացվող նախընտրական քարոզչության շրջանակներում իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Հասան Ռոհանիին:

«Ես եկել եմ, որպեսզի մարդկանց խնդրեմ աջակցել գործունյա, ազնիվ ու սրտացավ նախագահին: Ես զգում եմ, որ այն պարտականությունը, որը ես ունեի, արդեն ի կատար ածեցի, ուստի ձեզ հետ միասին իմ ձայնը տալու եմ գործող նախագահ Հասան Ռոհանիին»,-հայտարարել է Էսհաղ Ջահանգիրին:

Հավելենք, որ օրերս նախընտրական պայքարից հրաժարվել էր նաև Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որն իր աջակիցներին խնդրել էր իրենց ձայնը տալ պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսիին:

Այսպիսով այս պահի դրությամբ նախընտրական մրցապայքարում մնացին 4 թեկնածու: Մայիսի 19-ին իրանցիները պետք է հիմնականում ընտրություն կատարեն բարեփոխական Հասան Ռոհանիի և պահպանողական Էբրահիմ Ռայիսիի միջև:

Իրանի ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ ընտրությունների արդյունքներն աստիճանաբար չեն հրապարակվի, այլ կամփոփվեն և վերջնական տեսքով կներկայացվեն:

Placeholder
Իրանի նախագահի առաջին տեղակալը հօգուտ Հասան Ռոհանիի՝ հրաժարվել է ընտրապայքարից