ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան
Քաղաքական
15:20 19/05/2017
ԼՂՀ

ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը բավականին հետաքրքիր և յուրահատուկ է։ Ըստ երևույթին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում սա նոր սկիզբ է, կայունության և խաղաղության պահպանման հարթություն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօր տարածած այն հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական տեխնիկային։

«Նման հայտարարություն պետք է ավելի վաղ արվեր։ Միաժամանակ, կարելի է հասկանալ համանախագահներին, որոնք չեն ուզում իրավիճակն ավելի բարդացնել՝ հաշվի առնելով Ադրբեջանի հիստերիկ պահվածքը։ Մյուս կողմից, այլևս հնարավոր չէ հանդուրժել Ադրբեջանի դրսևորած լկտի պահվածքը։ Իսկ լկտի պահվածք այդ երկիրը ցուցաբերում է ոչ միայն շփման գծի երկայնքով, այլև տարբեր երկրների նկատմամբ։ Բնական է, որ Ադրբեջանը զզվեցրել է համանախագահող երկրներին»,- նկատեց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանը կանխատեսելի համարեց Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որով վերջինս հայտնում է, որ  «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում և կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա»: 

Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, ալիևյան կլանի գերնպատակն իշխանության մեջ մնալը և սեփական երկրի հարստությունը թալանելն է։ Հետևաբար եթե նույն այդ իշխանությունը որևէ կերպ չարձագանքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, իր ժողովրդի աչքում կհեղինակազրկվեր։

Placeholder
ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան