Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ կադրերի կարիք ունի. Արեգ Միքայելյան
Կրթություն, գիտություն
11:47 20/05/2017
Հայաստան

Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ կադրերի կարիք ունի. Արեգ Միքայելյան

Բյուրականի աստղադիտարանը պետք է ունենա հեռակա տեսլական: Աստղագիտության ոլորտում զարգացումները բավական արագ են տեղի ունենում, այնպես որ Բյուրականի աստղադիտարանը ևս պետք է համընթաց քայլերով առաջ ընթանա: Ցավալի է, բայց հայաստանյան աստղագիտությունը տեմպին չի դիմանում, հետ է մնում, և այս գործընթացը պետք է փորձել կանգնեցնել: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Բանախոսը շեշտեց՝ Բյուրականի աստղադիտարանի աշխատանքներում պետք է առաջնորդվել ոչ թե կտրուկ որոշումներով, այլ թույլ տալ, որ գոյության իրավունք վաստակած յուրաքանչյուր ծրագիր զարգանա ու կյանքի կոչվի:

Արեգ Միքայելյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ աստղադիտարանում առկա է կադրերի պակաս, մարդկային ռեսուրսների խնդիր կա: Սակայն ակնհայտ է, որ հայ աստղագիտությունն հուսալի ձեռքերում է՝  դատելով միջազգային օլիմպիադաներում հայ երեխաների ցուցաբերած արդյունքներից:

«Որոշ երիտասարդներ գալիս են, բայց դա քիչ է: Նրանք այսօրվա պատկերացումներով են շարժվում, երիտասարդները ձգտում են ստանալ մասնագիտություններ, որոնք լավ են վճարվում: Ցավոք, խելացի երիտասարդները, որոնց ներուժն առավելապես պետք է գիտության մեջ,  գերադասում են պետական պաշտոնյաների օգնականներ լինել, քան գիտնական»,- նշեց բանախոսը՝ տեղեկացնելով, որ երիտասարդ գիտնականները աստղադիտարանում ներգրաված են միանգամից մի քանի ծրագրերում և միջինը 250-300 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ Բյուրականի աստղադիտարանի ամենամեծ դիտակը, որը խորհրդային տարիներին համարվում էր աշխարհում 7-րդը,  այժմ միայն 50-րդն է և համարվում է միջին որակի աստղադիտակ:

Տարածաշրջանում Հայաստանը, նրա խոսքով, աստղագիտական կենտրոն է, և 3 տարվա աշխատանքների արդյունքում Միջազգային աստղագիտական առաքելություն է իրականացնում տարածաշրջանում:

«Ներկայումս աստղադիտարանն ունի մոտ 40 աշխատակից, որից 11-ը՝ երիտասարդներ: Սա այն դեպքում, երբ խորհրդային տարիներին Բյուրականի աստղադիտարանում աշխատում էր մոտ 150 մարդ»,- ամփոփեց բանախոսը:

Placeholder