Երեք պատանի հեծանվորդ կմասնակցեն օլիմպիական փառատոնին
Սպորտ
10:52 20/05/2017
Հայաստան

Երեք պատանի հեծանվորդ կմասնակցեն օլիմպիական փառատոնին

Հայաստանի խճուղային հեծանվավազի առաջնության արդյունքներով որոշվել են այն երեք պատանի հեծանվորդների անունները, որոնք Հունգարիայում մասնակցելու են օլիմպիական փառատոնին: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ թիմում ընդգրկվել են Ամու Ասուբովը (լուսանկարում), Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը, իսկ Արման Ազիզյանը կլինի պահեստային:

Մեր մյուս հեծանվորդները պատրաստվում են հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը (հուլիսի 18-23, Պորտուգալիա): Հավաքականի վերջնական կազմը կորոշվի հեծանվահրապարակի ներքին առաջնությունից հետո:

«Խճուղու Հայաստանի առաջնությանը մեր հեծանվորդները լավ հանդես եկան: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը եւ օլիմպիական փառատոնը, պատրաստվելու ժամանակ ունենք:  Աշխատելու տեղ կա, կփորձենք լրացնել բոլոր բացերը: Մինչեւ աշխարհամասի առաջնությունը հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասել է մարզիչը:

Արմեն Գյոզալյանը նշել է, որ այսօր մեր առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ կմեկնի Ռուսաստան: Ստեփանյանը Տուլա քաղաքում կմասնակցի Գրան Պրիի, որից հետո Մոսկվայում հանդես կգա Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարում:

Մարզիչը նշել է նաև, որ այս տարի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախատեսվում է Հրաչյա Շաբոյանի մասնակցությունը:

Placeholder
Երեք պատանի հեծանվորդ կմասնակցեն օլիմպիական փառատոնին