Գառնիի տաճարի տարածքում նախատեսում են նոր ենթակառուցվածքների ստեղծում
Մշակույթ
16:45 20/05/2017
Հայաստան

Գառնիի տաճարի տարածքում նախատեսում են նոր ենթակառուցվածքների ստեղծում

Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներում, ներդրումային ծրագրի շրջանակում, նախատեսվում է իրականացնել տուրիզմը տեղական զարգացման հետ կապող մի շարք նախագծեր: Գողթ համայնքում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

«Սա ընդհանուր գաղափարախոսություն է, որով ծրագիրը ներկայացվել է ԱԺ և հաստատվել, մենք այս պահին իրականացրել ենք նախագծային աշխատանքներ տարբեր համայնքներում,  այդ թվում Գառնիում»,-ասաց նա:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատարն ասաց` կկառուցեն տարբեր ենթակառուցվածքներ, որոնք իրար կկապեն տուրիստական տարբեր պրոդուկտներ:

«Մասնավորապես Քարերի սիմֆոնիա իջնելու համար կկառուցվի ճանապարհ, կլինի կայանատեղի, լուսավորություն: Գործող ճանապարհն ունի բազմաթիվ թերություններ և անընդհատ վերանորոգման արդյունքում այն պետք է մշտական բանուկ վիճակում պահել»,-ասաց նա:

Գաբրիելյանի խոսքով, Գառնի, Գեղարդում տրված հանձնարարականների տրամաբանությամբ, պետք է վերանայել այլ համայնքային նման ծրագրեր, օրինակ Գորիսում:

Գառնիի ծրագիրը ենթադրում է 55 մլն դոլարի ներդրում, այս տարի դեռևս կիրականացվեն նախապատրաստական աշխատանքները, հիմնական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն էլ ասաց, որ ՀՀ նախագահին ներկայացվել է նաև Գառնու տաճար պատմամշակութային հուշարձան արգելոցի տարածքում մշակույթի նախարարության կողմից ենթակառուցվածքների ստեղծման նախագիծն ու այն պատկերացումները, որ պետք է ներառվեն ծրագրում:

«ՀՀ նախագահն առանձնապես ուշադրություն հրավիրեց այցելուների համար հանգստի կետեր ստեղծելու, ինֆորմացիոն նոր վահանակների տեղադրման վրա: Քննարկվեցին նաև տաճարի հանրահռչակման գործին միտված մի շարք քայլեր: Ուղիղ հանձնարարական եղավ նաև բաղնիքի խճանկարի վերանորոգման և ժամանանակից լուծումներով կառուցելու մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ամիրյանը:

Նախագծում ներառվում են նաև հուշարձանի հարակից տարածքում թանգարանի կառուցում, այնտեղ կլինի հուշանվերների խանութ, հանգստի փոքրիկ կետ, որոնք, ըստ նախարարի պաշտոնակատարի, կնպաստեն զբոսաշրջիկների թվի աճին:

Նրա խոսքով. «Այս տարվա չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ  գրանցվել է 37  տոկոս աճ, մինչև տարեվերջ ակնկալում ենք 50 տոկոս աճ»:

Placeholder
Գառնիի տաճարի տարածքում նախատեսում են նոր ենթակառուցվածքների ստեղծում