Իրանագետ. Վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի և կանխատեսելի է
Քաղաքական
13:04 22/05/2017
Հայաստան

Իրանագետ. Վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի և կանխատեսելի է

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերընտրումը ձեռնտու է Հայաստանին ժամանակային առումով: Եթե նոր նախագահ ընտրվեր, պետք է ձևավորվեր նոր կառավարություն, ճշգրտվեր ուղեգիծը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, գործող և վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի, կանխատեսելի, արդեն իսկ Հայաստանի հետ գործակցության որոշակի փորձ, հաջողություններ գրանցած անձնավորություն է:

«Կարծում եմ՝ մենք ստանում ենք լրացուցիչ  հնարավորություններ առանց հապաղման իրացնելու հայ-իրանական ողջ օրակարգը»,- ընդծեց Վ. Ոսկանյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, հատկապես  Ռոհանիի՝ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կատարած այցի ժամանակ պայմանավորվածությունները, շարունակվելու են, քանի որ չկա անձերի փոփոխություն:

Ինչ վերաբերում է ՀՀ ակնկալիքներին վերընտրված նախագահից, իրանագետն ասաց, որ ակնկալիքները վերաբերում են մի քանի ոլորտների, որտեղ Հայաստանն ու Իրանն ակնհայտորեն գրանցել են հաջողություններ. «Այդ հաջողությունները տարբեր մակարդակների վրա են: Եթե էներգետիկ ոլորտը հայ-իրանական հարաբերությունների շոգեքարշն է և հաջողությամբ զարգանում է,  ապա մի շարք ոլորտներ կան, որոնք կաղում են»:

Նա հատկապես մատնանշեց հաղորդակցության ուղիների, ճանապարհների խնդիրը. «Անձամբ Ռոհանին է հայտարարել, որ Իրանը դիտարկում է Հայաստանը որպես կարևորագույն հանգուցային երկիր Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագրում: Մենք հնարավորինս արագ պետք է իրականացնենք առնվազն այդ հաղորդակցության ուղիների առաջին բաղադրիչը՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին»:

Իրանագետն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է օրակարգից դուրս չթողնի  հայ-իրանական երկաթուղու խնդիրը: Վ. Ոսկանյանը նշեց, որ կարևոր ոլորտ է, որը պետք է առաջ տանել, եռակողմ, քառակողմ ձևաչափերով գործակցության ձևավորումն է Հայաստան-Իրան մասնակցությամբ՝  ընդգրկելով մի կողմից Վրաստանին, որոշ պարագաներում ՌԴ-ին, շատ կարևոր է և չափազանց արդիական, նպաստավոր Թուրքմենստանին ծրագրերում  ներգրավելը:

«Մեր երկիրն ու Իրանը բանակցում են Հայաստան-Իրան –Թուրքմենստան գազային համաձայնագրի շուրջ: Մենք Վրաստանի հետ կրկին բանակցում ենք նման եռակողմ գազային համաձայնագրի շուրջ, այստեղ որոշակի առաջընթաց գրանցվել է: Այս ձևաչափը թույլ է տալիս Հայաստանի դերակատարությունը մեծացնել  մեր ողջ տարածաշրջանում»,- ասաց նա:  

Իրանագետը նաև նշեց, որ կարևոր է արագ իրականացնել նաև Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:

«Մենք ունենք հսկայական պոտենցիալ, որը պետք է առաջիկա տարիներին մեկը մյուսի հետևից իրացնենք: Իրանական կողմը պատրաստակամ է այդ ծրագրերի իրականացման համար համագործակցել մեզ հետ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Placeholder
Իրանագետ. Վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի և կանխատեսելի է