Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7 տոկոսով
Տնտեսություն
12:45 23/05/2017
Հայաստան

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7 տոկոսով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով։ Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ կազմել 0.3%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ՝ 3.4%:

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-ապրիլին աճել է 12.9%-ով, նախորդ ամսվա համեմատ նվազել է 7%-ով, իսկ 2016թ-ի ապրիլի համեմատ աճել է 4.3%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 4.4  տոկոսով: 2016թ. հունվար-ապրիլի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 10.1 տոկոսով, առևտրաշրջանառության ծավալը՝ 12.1%-ով:

Սպառողական գները ևս, ըստ ԱՎԾ-ի, նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.1%-ով:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` անկում է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում:

Մասնավորապես,  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.9%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 13.4%-ով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 15.1 %-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 16.1 %-ով (608.4  մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 14.6%-ով  (1 մլրդ 80.6 մլն դոլար):

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 2.3 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 3.3%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 0.3%-ով` կազմելով 156 հազ. 865 դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 3.2%-ով՝ հասնելով 225 հազար դրամի:

Placeholder
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7 տոկոսով