Այս պահին ԼՂ հակամարտության լուծման որևէ հնարավորություն չկա. Ա. Իսկանդարյան
Քաղաքական
12:58 23/05/2017
Հայաստան

Այս պահին ԼՂ հակամարտության լուծման որևէ հնարավորություն չկա. Ա. Իսկանդարյան

«Այս պահին ղարաբաղյան հակամարտության լուծման որևէ հնարավորություն չկա: Հայաստանը բանակցային գործընթացում գործընկեր չունի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, հանդիպումներին ոչ թե կարգավորումն է  քննարկվում, այլ մոնիտորինգի մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր. «Դա ոչ թե հակամարտությունը լուծելու փորձ է, այլ ստրատեգիա, որպեսզի այդ հակամարտության պայմաններում ապրեն»:

Ա. Իսկանդարյանի խոսքով, սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, բայց հակամարտության իրական կարգավորման վրա այն չի ազդում, այն տարբեր երկրների, համանախագահների, հակամարտության կողմերի միջև պրոպագանդիստական պայքարի մեխանիզմներից մեկն է:

Ինչ վերաբերում է շփման գծում իրավիճակին, քաղաքագետն ասաց, որ սուր լարվածություն չկա, բռնության մակարդակը  գրեթե նույնն է, ինչ վերջին շրջանում: Նրա կարծիքով, ապրիլյան իրադարձությունների մակարդակի լարվածություն  չի լինի, բայց ամբողջությամբ չի կարելի բացառել էսկալացիան. «Չի կարելի ամբողջությամբ բացառել, բայց շատ հավանական չեմ համարում: Մեծ գումար է պետք»:

Նա նաև նշեց, որ այժմ Ադրբեջանում հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում. ֆինանսական ճգնաժամին զուգահեռ ներքին էլիտայի շրջանում հակամարտություն է սկսվել:

Placeholder
Այս պահին ԼՂ հակամարտության լուծման որևէ հնարավորություն չկա. Ա. Իսկանդարյան