Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համայնքների խոշորացումը տնտեսական առումով արդյունավետ համակարգ է: Սակայն մեկ հարց է ունենալ կառավարման արդյունավետ մոդել, մեկ այլ հարց՝ սահամանամերձ համայնքներ, որոնք կենտրոնացման արդյունքում կարող են տուժել: Այս առումով համայնքների խոշորացումը հղի է արտագաղթի, բնակչության թվի կտրուկ նվազեցման ռիսկերով: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, համայնքների խոշորացման գործընթացում կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի հատկապես ֆինանսական ծախսերին՝ հիշելով, որ յուրաքանչյուր վերացված համայնք նման է վերացված մեկ բջջի:
«Երբ երկու գյուղ մեկ փնջի մեջ միավորվեն, մարդիկ կնախընտրեն ոչ թե գյուղից գյուղ, այլ գյուղից քաղաք տեղաշարժը: Քաղաքները, և հատկապես Երևանը, գերբնակեցված ու ծանրաբեռնված կդառնան: Դատարկված յուրաքանչյուր համայնք կհայտնվի առավել անմխիթար վիճակում: Խոշորացումը համայնքներին կհասցնի «անապատացման»»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը դեմ արտահայտվեց մարզերի խոշորացման հնարավոր գործընթացին ՝ համոզմունք հայտնելով, որ այս ծրագիրը կենսունակ չի լինի: Վիլեն Խաչատրյանը չբացառեց, որ գյուղական համայնքների բնակիչներին ստիպեն քվեարկել համայնքների խոշորացման օգտին: