Հասարակությանը պետք է հասկացնենք՝ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով երեխաներին տոն նվիրելը լավ չէ. Լևոն Մկրտչյան
Օրվա թեմա
15:14 25/05/2017
Հայաստան

Հասարակությանը պետք է հասկացնենք՝ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով երեխաներին տոն նվիրելը լավ չէ. Լևոն Մկրտչյան

Վերջին զանգի համար դրամահավաքության վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության թեժ գծով ստացվող զանգերն այս տարի նվազել են: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ հիմա ավելի զգոն ու զգույշ են դպրոցները, բողոքները նվազել են, բայց, այդուհանդերձ, բավական զանգեր ունեն: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ստանում են նաև այնպիսի զանգեր, որ ասում են՝ ինչո՞ւ չեն թողնում երեխաներն իրենք իրենց միջոցառումը նշեն:

«Հասարակությանը մի քիչ պետք է հասկացնենք, որ այդ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով երեխաներին տոն նվիրելը լավ չէ, այդ նույն  դպրոցում կան սոցիալապես ապահովներ և անապահովներ: Այդ նույն ծնողական կոմիտեները հիմա դպրոցում չէ, բայց դրսում են այդ գումարը հավաքում: Եթե մենք թույլ տանք այս գործընթացը շատ զարգանա, աստիճանաբար կէլիտարացնենք դպրոցները: Այս դեպքում շատ վատ վիճակի մեջ են հայտնվում այն ծնողները, ովքեր այսօր սոցիալապես ավելի վատ վիճակում են, քան մյուսները և այստեղ առաջանում են շատ հարցադրումներ»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարի խոսքերով՝ «Վերջին զանգի» հետ կապված դրամահավաքության ավանդույթը գալիս է դեռևս խորհրդային տարիներից, իրենց ժամանակներում էլ «Վերջին զանգի» միջոցառումը նշում էին ռեստորաններում։ Լևոն Մկրտչյանը խոստովանեց, որ իր սովորելու տարիներին էլ գումար հավաքել են: «Մենք հավաքում էինք, բայց կային նաև այնպիսի ծնողներ, որոնք չէին կարողանում այդ գումարը տալ, բայց մենք այնպես էինք անում, որ այդ մարդիկ իրենց վատ չզգային»,- նշեց նա:

Ըստ Լևոն Մկրտչյանի՝ բողոքող ծնողների հիմնական դժգոհությունը  գալիս է այնտեղից, որ պարտք են վերցնում, որպեսզի կարողանան իրենց երեխայի միջոցառումն անել: «Եթե մենք կարողանանք հասկացնել, որ շքեղ նշելը մեծ նվեր չէ իրենց երեխաների համար, կարելի է այն ձևով նշել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է ուսուցիչների ու տնօրենների համար գնվող նվերների գումարին, Լևոն Մկրտչյանն ասաց, որ դա այլ հարց է, կատերգորիկ պետք է վերացնել այդ դրամահավաքությունը: «Եթե ունենք ծնողներ, որոնք հստակ կպնդեն, որ նման բան է տեղի ունեցել, տվյալ տնօրենն անմիջապես կպատժվի»,- ընդգծեց նա:

Placeholder
Հասարակությանը պետք է հասկացնենք՝ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով երեխաներին տոն նվիրելը լավ չէ. Լևոն Մկրտչյան