Ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ. վարչապետ
Տնտեսություն
12:25 25/05/2017
Հայաստան

Ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթների վերաբերյալ հանձնարարական տվեց: 

Վարչապետը նշեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելին քան 2100 վարույթ:

«Չնայած  որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց: Ավելին, սնանկության կառավարիչների գործունեությունը և արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը երկար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե վարչարարության կազմակերպման, թե օրենսդրության, թե սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված»,- նշեց Կարեն Կարապետյանը:  

Վարչապետը ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձնման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն: Միաժամանակ ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելուՊԵԿ գործիքակազմ:

Առաջարկությունները ներկայացնելուն պես մեկամսյա ժամկետում կներկայացվի նաև առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:

Միաժամանակ, վարչապետը  ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Արթուր Հովհաննիսյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդրադարձ կատարելով սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացման, ֆինանսական վիճակի վերաբերյալ վերլուծություն չկատարելու հետևանքների և այլ առաջնահերթ հիմնախնդիրներին:

Կառավարության ղեկավարի հանձնարարութամբ պետք է ուսումնասիրվի  նաև դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից հարկադիր վարույթի տևողության և այլ գործնական, օրենսդրական խոչընդոտները և դրանք վերացնելու ուղղությամբ ներկայացվեն առաջարկություններ կառավարության աշխատակազմ:

Կարեն Կարապետյանը հայտնեց, որ սա չափազանց կարևոր աշխատանք է:

«Իրականում հետազոտությունները ցույց են տալիս, որ պրակտիկորեն սնանկացման գործընթացի մեջ ունենք առողջացման շատ քիչ օրինակներ: Ընդհանրապես դա դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»,- նշեց վարչապետը:

Placeholder
Ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ. վարչապետ