Գիտաժողով ժնևում՝  «Արիստոտելը Հայաստանում»
Կրթություն, գիտություն
13:20 26/05/2017
Հայաստան

Գիտաժողով ժնևում՝ «Արիստոտելը Հայաստանում»

Ժնևի համալսարանում կայացել է «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով: Կազմակերպիչներն են եղել Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի:

Մատենադարանից տեղեկացնում են, որ գիտաժողովին մասնակցել են հայագետներ` Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը, Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը և Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև անտիկ փիլիսոփայության պատմության մասնագետներ Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից:

Արիստոտելի կարևորագույն գրվածքների և դեռ անտիկ շրջանում նրան վերագրված երկերի միջնադարյան հայերեն թարգմանությունների և մեկնությունների, ինչպես նաև Արիստոտելի անձին, գործին ու ասույթներին հայ հեղինակների անդրադարձների մասին տեղեկությունները նորություն են եղել  փիլիսոփայության ոչ հայագետ պատմաբանների համար և ընդունվել են մեծ հետաքրքրությամբ:

Գիտաժողովն այնպես է կազմակերպված եղել, որ Շիրինյանի, Մուրադյանի և Թոփչյանի զեկուցումները նախապես տրվել էին «ընդդիմախոսների» (discutant)՝ համապատասխանաբար Մայքլ Գրիֆֆինին, Իոաննիս Պապախրիստուին և Ջոնաթան Բարնսին: Նրանք պատրաստել էին հարցեր և ելույթներ, ինչն ապահովեց բովանդակալից քննարկում:

Բացի զեկուցումներից, գիտաժողովում ներկայացվել ու քննարկվել են Դավիթ Անհաղթի երկերին նվիրված և Ժնևի համալսարանի և Մատենադարանի համատեղ ծրագրով լույս ընծայված գրքերը: 

Placeholder
Գիտաժողով ժնևում՝ «Արիստոտելը Հայաստանում»