«Ավրորա-2017»-ի դափնեկիրը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին
Հասարակություն
17:18 29/05/2017
Հայաստան

«Ավրորա-2017»-ի դափնեկիրը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին

«Ավրորա-2017» մրցանակաբաշխության հաղթող Թոմ Քաթինան շնորհակալություն է հայտնում երեք հայ բժշկին, ովքեր  կամավոր մեկնել են Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ՝  բուժելու հիվանդներին, մինչ ինքը Հայաստանում է: «Թումո» կենտրոնում հանդիպման ժամանակ ասաց դափնեկիրը:

«Եթե նրանք չգնային, ես չէի կարող գալ այստեղ»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը: Բժիշկները՝ գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը,  Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական և ֆինանսական պարտավորությունները:

Թոմ Քաթինան պատմեց, որ Նուբա լեռներում վերջին վեց տարվա ընթացքում քաղաքացիական պատերազմ է, այնտեղ կա սննդի խիստ պակաս: 750 հազար բնակչություն է ապրում այդտեղ: Հիվանդանոցը բացվել է 2008 թվականին:

«Խաղաղություն հաստատելու  ուղղությամբ իրական ջանքերը քիչ են: Կարծում եմ՝ մեր խնդիրները կշարունակվեն ապագայում»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերահսկում ձեր վախերը,  որպեսզի շարունակեք աշխատել նման պայմաններում, «Ավրորա»-ի դափնեկիրն ասաց. «Այնպիսի ռեակցիաներ պետք է ունենալ, ինչպիսի ռեակցիաներ ունեն շրջապատի մարդիկ: Այնտեղի մարդիկ այնքան խիզախ են, տոկուն, ինքնուրույն: Տարիների ընթացքում ես էլ այդ մարդկանցից ուժ եմ ստացել: Դրանից առաջ ես իմ քրիստոնեական հավաքից էլ շատ ուժ եմ ստացել որպես միսիոներ»:

Նա նաև նշեց, որ շատ տպավորված է «Թումո»-ով, չի կարծում, որ ԱՄՆ-ում նման կարգի որևէ բան կա. «Սովորելու համար լավ հնարավորություն ունեք»:

Բժիշկ Քաթինան նաև կարծում է, որ երիտասարդ հայերի սրտին համապատասխանում է մարդասիրական աշխատանք կատարելը:


 

Placeholder
«Ավրորա-2017»-ի դափնեկիրը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին