Նելլի Դուրյան. Առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները
Իրավունք
15:38 29/05/2017
Հայաստան

Նելլի Դուրյան. Առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները

Այս տարվա չորս ամսիների ընթացքում անչափահասների նկատմամաբ բռնության 59 դեպք է գրանցվել: Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ լրագրողների հետ  հանդիպմանը նման տվյալ հրապարակեց  ՀՀ  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Դրանք մասնավորապես ծեծի ու սեռական անձեռնմխելիության ու սեռական ազատության դեմ ուղղված դեպքեր են»,-ասաց իրավապահ մարմնի ներկայացուցիչը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը նախորդ տարվա համեմտ նվազել են 12-ով: Նվազել են նաև սեռական բռնության դեպքերը:

Ոստիկանություն-դպրոց համագործակցության արդյունքում այս տարվա չորս ամիսների ընթացքում դպրոցներում կամ դրանց հարակից տարածքներում բռնության դեպքեր չեն գրանցվել: Նախորդ տարվա առաջին չորս ամիսներին գրանցվել էր 3 դեպք:

Դուրյանը նշեց, որ առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները:

«Երեխան դառնում է կռվախնձոր, մի ծնողից մյուսին տալ, շաբաթվա կտրվածքով ունենում ենք 2-3 դեպք»,-ասաց ոստիկանության գնդապետը:

Ն. Դուրյանն ասաց, որ ոստիկանության տեսադաշտում հայտնված երեխաները հիմնականում միակողմանի ծնողազուրկ են:

«Շատ դեպքերում մայրերը մեզ են դիմում տղաների, արդեն նաև աղջիկների հարցով, չեն կարողանում երեխաների հետ դեռահասության տարիքում հասկանալ, լուծել նրանց խնդիրները: Սրանք այն երեխաներն են, որոնց ծնողներն անուշադրության են մատնում, դրդում մուրացկանության: Այս ընտանիքներում են նաև այն երեխաները, որոնց իրավունքները ոտնահարվում են»,-ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա  Տեր-Հովհաննիսյանը նշեց, որ ավելի հեշտ է դեպքերը կանխել, քան հետևանքները հաղթահարել:

«Մենք կենտրոնում 17 երեխա ունենք: Նրանց դեպքերը շատ պրոբլեմատիկ են, լուծումներ գտնելը շատ բարդ է»,-ասաց նա:

Placeholder
Նելլի Դուրյան. Առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները