Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները վերջին մեկ տարում ավելի են հեռացել. Լարիսա Ալավերդյան
ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները վերջին մեկ տարում ոչ միայն չեն մոտեցել, այլ ավելի են հեռացել: Դրանք ծայրահեղ տարբեր են և հակասում են միմյանց: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Ես Հայաստանի դիրքորոշման հետ համաձայն չեմ, այն պահից, երբ մենք 1991 թվականի դեկտեմբերից ստորագրել և ճանաչել ենք խորհրդային նախկին բոլոր հանրապետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին պայմանագիրը: Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա միջազգային հանրությունն ամբողջ խորությամբ չի ընկալում այս փաստաթղթի հակասական էությունը: Համոզված եմ՝ շատերն այն չեն համեմատել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմանադրությունների հետ»,- նշեց բանախոսը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով, Հայաստանն անցած մեկ տարվա ընթացքում պետք է մուտք գործեր նոր հարթություն և առավել ակտիվորեն քննարկեր Արցախի հարցը: Մինչդեռ շարունակում է մնալ ճահճացած վիճակում:
«Այսօր հասունացել է պահը, երբ հայ ժողովուրդը պետք է ասի իր խոսքը, իսկ ահա Հայաստանը վաղուց հնարավորություն ուներ խնդիրը տեղափոխել դիվանագիտական դաշտ»,- համոզմունք հայտնեց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող վերջին հայտարարությանը՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը նկատեց՝ հայտարարությունն արվել է անճարությունից և վիրավորված արժանապատվությունից դրդված: