Կվերանայվի հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը
Տնտեսություն
16:13 01/06/2017
Հայաստան

Կվերանայվի հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար համապատասխան հողամաս ձեռք բերելու ցանկություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար հողամասի կադաստրային արժեքի միանվագ և անհապաղ վճարման պահանջն էական բեռ է հանդիսանում»:

Կառավարության այսօրվա նիստում խոսելով հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայմանի վերաբերյալ, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, որոշ դեպքերում այդ պահանջը խոչընդոտ է հանդիսանում կոնկրետ համայնքներում բիզնես ծրագրերի իրագործման համար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է հողային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով, որոնք չեն նախատեսում համապատասխան վճարման տարաժամկետման հնարավորություն:

  Կառավարության ղեկավարը  հանձնարարեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հողային օրենսդրությամբ սահմանված հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը վերանայելու և տարաժամկետման հնարավորություն սահմանելու վերաբերյալ:

Միաժամանակ նախատեսվում է սահմանել ժամանակացույցի տրամադրման հստակ պայմաններ և անձանց կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվության գործիքակազմ: Գործադիրի ղեկավարը ընդգծեց, որ անհրաժեշտ է այդ ոլորտը լուրջ ուսումնասիրել, որպեսզի վարչական գործողությունների կիրառման սուբյեկտիվ հնարավորություն չլինի: 

Placeholder
Կվերանայվի հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը