Սանկտ Պետերբուրգում քննարկվել են Հայաստան-Իրան փոխգործողությունները
Տնտեսություն
17:31 02/06/2017
Տարածաշրջան

Սանկտ Պետերբուրգում քննարկվել են Հայաստան-Իրան փոխգործողությունները

Այսօր Պետերբուրգյան Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետություն-Իրան երկկողմ տնտեսական հարաբերությունների ռեգիոնալ համագործակցության շրջանակներում Հայաստան-Իրան փոխգործողությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան առևտրի ազատականացման բանակցությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն արձանագրել են թե՛ առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակը, թե՛ հետագա համագործակցության առավել խորացման հեռանկարը: 

Համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ առկա ծրագրերը և առաջնահերթությունները, տարածաշրջանային  ծրագրերում համագործակցության շարունակությունը և մի շարք այլ հարցեր:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները:
 

Placeholder
Սանկտ Պետերբուրգում քննարկվել են Հայաստան-Իրան փոխգործողությունները