Կապսի ջրամբարի շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար. Արսեն Հարությունյան
Հասարակություն
20:06 02/06/2017
Հայաստան

Կապսի ջրամբարի շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար. Արսեն Հարությունյան

«KfW բանկը մեծապես գնահատում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ  համագործակցությունը՝ երկու կողմերի համար կարևորագույն նշանակություն   ունեցող նախագծերի շրջանակներում: Ուզում եմ հատուկ նշել, որ Կոմիտեի հետ  մեր համագործակցությունը մշտապես եղել է բաց երկխոսության ձևաչափում:  Հենց այդ պատճառով էլ այն այսքան արդյունավետ է»,- Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին ՋՏՊԿ-ում  տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է KfW գերմանական բանկի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան:

Ըստ բանկի ներկայացուցչի՝ ՋՏՊԿ հետ համագործակցությունը շատ լավ օրինակ  է՝ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող խնդիրները քննարկելու,  կարևոր հարցերի շուրջ մոտեցումները հստակեցնելու և մարտահրավերներից չխուսափելու առումով: Օ. Զիմելկայի խոսքով, սա արդյունավետ աշխատանքի առաջին  գրավականներից մեկն է:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նորանշանակ պաշտոնյային ներկայացրել է   Բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, հատկապես մանրամասնելով Կապսի  ջրամբարի հետ կապված աշխատանքները: Ա. Հարությունյանը նշել է, որ ջրամբարաշինության ծրագիրը բացառիկ  նշանակություն ունի Հայաստանի համար, և Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների հաջող մեկնարկը հույս է ներշնչում, որ ծրագրում ներգրավված բոլոր կողմերը պատրաստ են կառուցողական աշխատանքի և համագործակցության:

«Կապսի ջրամբարի շինարարության համար տարվող նախապատրաստական աշխատանքները ծրագրում ենք ավարտին հասցնել մյուս տարեսկզբին: Ամեն ինչ անելու ենք՝ նախատեսված ժամկետներին հասցնելու համար, ինչի համար շատ  կարևորում եմ խորհրդատուների և փորձագիտական խմբի հետ համատեղ աշխատանքը:  Վերջին մեկ ամսում արձանագրված բարձր աշխատանքային տեմպը պահելու  դեպքում՝ նախանշված ժամկետները կարելի է իրատեսական համարել»,- ասել է Ա.  Հարությունյանը:

Գերմանական կողմի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել  հնարավորինս աջակցել Կոմիտեի ջանքերին, քանի որ պատկերացնում են նախագծի  բարդությունն ու կարևորությունը:

«Մենք հասկանում ենք, որ նոր ջրամբարի կառուցումն ավելի հեշտ է, քան  Խորհրդային Միության տարիներին կառուցված և կիսատ թողնված Կապսի ջրամբարի  վերակառուցումը և արդի չափանիշներին համապատասխանեցումը: Նաև գիտակցում  ենք նախաձեռնության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար: Այդ  իսկ պատճառով պատրաստ ենք հնարավորինս աջակցել այս բարդ ու հավակնոտ  նախագծի իրականացման գործում ներդրված ջանքերին»,- ասել է Օ.  Զիմելկան:

Placeholder