Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվել է Էռնեկյան դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը
Կրթություն, գիտություն
19:51 02/06/2017
Հայաստան

Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվել է Էռնեկյան դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկի Գլխամասային գրանսենյակում բացվել է Հայաստանի Առաքելական սուրբ Եկեղեցու «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի»  սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից:

«Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի լավագույն կրթօջախներից մեկի՝ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի և Հայորդաց Տան  25 սաների գեղանկարչական աշխատանքները: Դրանցում լավագույնս արտացոլված է պատանի նկարիչների գունեղ ու լուսավոր ներաշխարհը, հավատն ապագայի նկատմամբ:  Անկախ թեմայի ընտրությունից՝ հոգևոր թեմատիկա, բնանկար, դիմանկար և այլն, աշխատանքները աչքի են ընկում գունային հարուստ էլևէջներով, աշխարհընկալման պարզությամբ ու անմիջականությամբ: Երեխաների գործերը սեր են ճառագում, գունավորում և ավելի պայծառ դարձնում մեր  Բանկը»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի գործադիր Տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:

Նա նշել է, որ հիմնադրման պահից ի վեր՝ արդեն ավելի քան 10 տարի, Էռնեկյան դպրոցի սաները, նրանց համար որակյալ կրթության ապահովմանը առնչվող խնդիրները միշտ  եղել են արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ուշադրության կենտրոնում, որի ֆինանսական աջակցությամբ ներկայում կառուցվում է դպրոցի նոր մասնաշենքը:

«Երեխաների նկատմամբ հոգածությունը, նրանց համար դաստիրակության և կրթության լավագույն պայմանների ստեղծումը միշտ էլ եղել է  Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների խմբի անդամ  հանդիսացող Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում:
Այնպես որ, սա 2017-ին՝ երեխաներին նվիրված առաջին նախաձեռնությունը չէր: Բանկը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում  առողջական խնդիրներ ունեցողներին, մանկատների սաներին ու տարբեր դպրոցների՝ վստահությամբ, որ բոլոր երեխաները , անկախ  սոցիալական կամ առողական վիճակից, անհոգ մանկության իրավունք ունեն»,-  իր խոսքը եզրափակել է Գոհար Հարությունյանը:

Բանկից նաև հայտնում են, որ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ մայիսի 31-ին, Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան, որտեղ «Երազ» հիմնադրամի աջակցությամբ մեկշաբաթյա ճամբար է կազմակերպվել շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար:

Տոնի կապակցությամբ, Կոնվերս Բանկը  գլյուկոմետրի թեստ-երիզներ  և նվերներ են հանձնել  Արզնի 1 առողջարանում հանգստացող  շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Զուգահեռաբար,  Բանկի աշխատակիցների հետ առողջարան էին այցելել  նաև մանուկների սիրելի  մուլտհերոսները, ծաղրածուներ՝ իրենց կատակներով, խաղերի ու պարերի շնորհիվ փոքրիկներին պարգևելով ուրախ ու անմոռանալի տոն:

Նախորդ տարի ևս  հունիսի 1-ին Կոնվերս  Բանկը  թեստ-երիզներ էր հանձնել «Մուրացան» հիվանդանոցում բուժվող  շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ 2015 թվականի hունիսին Բանկի ողջ անձնակազմը և հաճախորդները՝  «Նվիրիր Կյանք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության շրջանակում  արյուն էին հանձնել Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար:

 


 

Placeholder