«Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Մշակույթ
12:44 05/06/2017
Հայաստան

«Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն  այս տարի անցկացվելու է հուլիսի 9-16-ը: 
Լրագրողների հետ հանդիպմանը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ այս փառատոնը հայկական իրականության մեջ ոչ միայն կինոյի տոն է, նաև մշակույթի տոն, ամեն տարի կարողանում է ջերմություն, ուրախություն բերել Հայաստան:

««Ոսկե ծիրան» կինոփառատոնը կինոյի զարգացման մեր հայեցակարգում  կարևորագույն, լրջագույն դերակատարություն է ունենալու: Այս փառատոնը հարթակ է, որտեղ մտքեր են փոխանակում կինոարտադրողները, կինոգործիչները,  այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այդ դաշտով: Այս առումով «Ոսկե ծիրան»-ը կարող է մեծ դերակատարություն ունենալ Հայաստանի կինոյի զարգացման գործում»,- ասաց Ա.Ամիրյանը:

Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

«14 տարի շարունակ ընկերությունը լրջագույն մոտեցում է ցուցաբերում կինոյի զարգացմանը: Եթե չլիներ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը,  միայն պետության միջոցներով հնարավոր չէր լինի հասնել նրան, ինչին հասել ենք»,- նշեց մշակույթի նախարարը:

Ասուլիսին ներկա ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ  կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում, ձևավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և սերունդներ դաստիարակում:

«Այս փառատոնն այդ կարևոր միջոցառումներից է, որը արժեհամակարգ ձևավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երևույթ է: Մենք կանգնած ենք այս փառատոնի կողքին, որն ամեն տարի արդարացնում է իր առաքելությունը, որն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար»,- ասաց նա:

Ռ. Յիրիկյանի խոսքով, հաջորդ տարի փառատոնի համար հոբելյանական է. «Կփորձենք հոբելյանական տարում ևս կանգնել փառատոնի կողքին»:

Փառատոնն այս տարի ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

Placeholder
«Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան