Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
Իրավունք
19:07 06/06/2017
Հայաստան

Սամվել Բաբայանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ անգամ մերժել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբան Ավետիս Քալաշյանի բողոքը:

«Մերժեցին նույն հիմքով, ինչ որ նախկինում՝ առայժմ պետք չէ ազատության մեջ մնա, եթե լինի ազատության մեջ, կթաքնվի: Նույն ստանդարտ ձևակերպումները»,- Panorama.am-ին ասաց Ավետիս Քալաշյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  մարտի 24-ին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում էր ընդունել: Փաստաբանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝  բողոքարկելով դատարանի այդ որոշումը: Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել էր:
Մայիսի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ս. Բաբայանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել։ Պաշտպանական կողմը կրկին դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Ավետիս Քալաշյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում:

Ս. Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ,  մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը.  «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Ս. Բաբայանը կալանավորվել է մարտի 24-ին: Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի  և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Placeholder
Սամվել Բաբայանը կմնա կալանավորված