«Բեռնափոխադրումների համար լավ այլընտրանք կլինի Աբխազիայով առևտրային միջանցքի բացումը»
Տնտեսություն
13:25 06/06/2017
Հայաստան

«Բեռնափոխադրումների համար լավ այլընտրանք կլինի Աբխազիայով առևտրային միջանցքի բացումը»

Հայաստանի և Ռուսաստանի կապը վերջին տարիներին իրականացվում է Վերին Լարսի ցամաքային ճանապարհով և լաստանավերով՝ Փոթիի նավահանգստով: Ընդ որում, լաստանավերով բեռնափոխադրումները երբեք Վերին Լարսին այլընտրանք չեն դիտվել: Լաստանավերով փոխադրումները միշտ են իրականացվել: Այլընտրանքը կլիներ երկաթուղին, որն այսօր չի գործում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

«Այս փուլում, հաշվի առնելով  Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, տնտեսությունների սերտաճումը հնարավորություն է տալիս համատեղել փոխադարձ շահերը: Մեր անելիքը հիմնականում ռուսների հետ է»,- նկատեց նա՝ հավելելով, որ բեռնափոխադրումների համար լավ այլընտրանք կլինի Աբխազիայի տարածքով առևտրային միջանցքի բացումը:

Բեռնափոխադրումների ժամկետներն այդ դեպքում զգալի կկրճատվեն, գներն էլ կնվազեն:

Գագիկ Աղաջանյանի խոսքով, զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքները տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն են ընձեռում մեծ ծավալների արտահանումներ և ներկրումներ կազմակերպել:

Անդրադառնալով Լարսը փակվելու հետևանքով «Ապավենի» կրած ֆինանսական կորուստներին, ընկերության տնօրենը տեղեկացրեց՝ բեռնատարներից յուրաքանչյուրն արժե միջինը 100 հազար դոլար. «Երբ այդ տրանսպորտային միջոցները ձեռք են բերվում վարկային, լիզինգային միջոցներով, սակայն տևական ժամանակ կանգնած են մնում ճանապարհներին, պատկերացրեք, թե ինչ ծավալի վնասների մասին է խոսքը»:

Գագիկ Աղաջանյանը տեղեկացրեց նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակին, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, «Ապավենը» բեռնափոխադրումների 10 տոկոս աճ է գրանցել:

Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին և դրանց շահագործման դիմաց հարկերին՝ բանախոսը նկատեց, որ դեռ մի բան էլ շնորհակալ պետք է լինենք իրանական բեռնափոխադրող ընկերություններից, որ նրանք չեն խորշում անցնել Հայաստանի ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող ավտոճանապարհներով:

Placeholder