Կողբի «Թումոն» կկարողանա  ընդունել 600-1000 սաների
Կրթություն, գիտություն
15:48 06/06/2017
Հայաստան

Կողբի «Թումոն» կկարողանա ընդունել 600-1000 սաների

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքն առաջիկայում նորարարական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն կունենա, որը կընդունի 600-1000 սաների  Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և հարակից բնակավայրերից:

Հունիսի 5-ին Կողբ համայնքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թումո» կենտրոնի շինարարության հիմնարկեքի արարողությունը: Կենտրոնի շինարարության ծրագիրն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ:

Panorama.am-ի փոխանցմամբ, հիմնարկեքի արարողության ժամանակ  ելույթ ունեցավ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, ով «Թումո-Կողբ» նախագիծը համարեց խորհրդանշական և առանձնահատուկ:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների խաչմերուկում գտնվող կենտրոնը, որը բացվելու է մեկ տարի հետ, ապագայում կընդունի նաև սովորել ցանկացող վրացիների և, ինչու ոչ, ադրբեջանցիների:

Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Նազարյանը, անդրադառնալով «Թումո-Կողբ» նախագծին, նշեց, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամն իսկզբանե «Թումո» կենտրոնի նախագիծը առաջարկելիս նպատակ է ունեցել ավելի զարգացնելու հայ երեխաների ժամանակակից գիտելիքները  տեղեկատվության ասպարեզում:

«Ինքս մասնակից լինելով կրթական բարեփոխումներին՝ կարող եմ հավաստել, որ այդ նպատակն ի կատար է ածվում: Արդյունքներն ակնհայտ են հատկապես մեր մարզում: Մեր մարզում առաջին «Թումո» կենտրոնը բացվել է Դիլիջանում: Շատ ուրախ ենք, որ երկարատև քննարկումներից հետո որոշում կայացվեց և 2016թ. համաձայնագիր ստորագրվեց, որ Տավուշի մարզում պետք է բացվի երկրորդ «Թումո» կենտրոնը»,- ասաց Նազարյանը:

Կողբ համայնքի «Թումո» կենտրոնի շենքի հիմքում դրվեց արկղիկ, որի մեջ կենտրոնի ապագա ուսանողները դրել էին իրենց ցանկությունները, թե ինչի են կամենում հասնել «Թումո»-ում ուսանելով:

Կենտրոնի շենքի նախագիծն արդեն հաստատված է, որի հեղինակն է բեյրութցի ճարտարապետ Բեռնար Խուրին, ով նաև ձևավորել է Երևանի «Թումո»-ի ներքին հարդարումը: Կենտրոնում կրականացվի «Թումո»-ի հիմնական կրթական ծրագիրը, կդասավանդեն հիմնական բովանդակությունն ապահովող բաժնի՝ ՀՀ տարածքում գործող 4 կենտրոններում շրջագայող մասնագետները, ինչպես նաև կհրավիրվեն միջազգային մասնագետներ:

Կենտրոնի շինարարության և հիմնադրման համար անհրաժեշտ միջոցները ապահովվելու են «Կողբ» հիմնադրամի, «Թումո»-ի «Յուքոմ» և «Mission Enfance» ընկերությունների և մասնավոր բարեգործների նվիրատվությունների հիման վրա:

Կենտրոնը կունենա 600-1000 ուսանողի սպասարկելու համար անհրաժեշտ դասասենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոթատրոն, սպարտային պարապմունքների և ժամանցի համար նախատեսված բացօթյա հատված: Կենտրոնում պլանավորվում է անցկացնել «Թումո»-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «Թումո-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողներին:











Placeholder
Կողբի «Թումոն» կկարողանա ընդունել 600-1000 սաների