90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
12:30 07/06/2017
Հայաստան

90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան

Ազգային Ժողովի արտահերթ նիստը սկսվելուց քիչ անց ընդմիջվեց: Պատճառն այն է, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Ելք»-ն ու «Ծառուկյան»-ը, դեմ էին որոշ նախագծերի հաստատման համար տրված ժամանակին:

Նշենք, որ կառավարությունն առաջարկում էր օրակարգում ներառված երկու հարցից մեկը՝ «Պետական գույքի մասնավորեցման մասին» նախագիծը, քննարկել 90 րոպե, իսկ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները՝ երկու ժամ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե մտահոգ են, որ մեկ օրենքի քննարկման համար հատկացվում է 90 րոպե, մյուսի համար՝ 2 ժամ: 

««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համար հատկացվում է 2 ժամ, երբ 300 համայնքի ճակատագիր է որոշվում, և ճիշտ չէ այսպես սահմանափակել քննարկումը: Իսկ պետական  գույքի  մասնավորեցման օրենքի նախագծով մի քանի տասնյակ պետական օբյեկտների սեփականաշնորհում է նախատեսված և քիչ չէ, որ հանրային  քննարկումներ չեն արվել, հանձնաժողովներում  պատշաճ մակարդակով քննարկում չի կազմակերպվել, հիմա էլ 90 րոպե  է սահմանվում: Մենք առաջարկում ենք երկուսի դեպքում  էլ 5 ժամ սահմանել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց,  որ իրենք միանում են այս առաջարկին. «Բացարձակ անընդունելի է,  ինչ-որ մնացել է Հայաստանում  չմասնավորեցված, օտարում եք: Ի դեպ, հանձնաժողովում նաև պարզվեց, որ պոտենցիալ գնորդներ դեռևս չկան, ընդամենը դրվում է բյուջեն լցնելու խնդիր: Բերում եք ու 90 րոպեում ուզում եք սղացնեք, անցկացնեք:  Սա շատ լուրջ խնդիր է: Մասնավորեցվում են բժշկական հիմնարկներ, «Հայ ֆիլմ» կինոստուդիան, կրթական հիմնարկներ, և սահմանել 90 րոպե՝ ընդամենը գալոչկայի համար, քննարկում կազմակերպելու համար: Սա բացարձակ անընդունելի է»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե համայնքների խոշորացման ծրագրի  իրական պատկերին տեղյակ են: Իր ձեռքի տակ են համայնքների ղեկավարների  դիմումները՝ կնիքներով, որոնք դեմ են ծրագրին,  դեմ է նաև հանրությունը:

«Բա ո՞ւր մնաց խորհրդարանական կառավարումը, խորհրդարանի դերի բարձրացումը։ Բացարձակ անընդունելի աշխատաոճ է»,- եզրափակելով խոսքն ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքերով՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը Փաշինյանի մտահոգությունից հետո 2 ժամյա ռեժիմով քննարկման են դրել, որի համար շնորհակալ են կառավարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան