Իսպանական ընկերությունը կօգնի բարելավել Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները
Տնտեսություն
12:00 07/06/2017
Հայաստան

Իսպանական ընկերությունը կօգնի բարելավել Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները

Ջրային ոլորտում առաջատար կազմակերպություններից  համարվող  «GS Inima Environment S.A» ընկերությունը 18 երկրում պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր է իրականացնում: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում Փոխըմբռնման hուշագիր է ստորագրվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերության միջև:

Փաստաթուղթն ստորագրել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է, որ կողմերը կհամագործակցեն Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման բնագավառում:

Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և «GS Inima Environment S.A» գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը քննարկել են համագործակցության ուղղությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 Կարեն Կարապետյանը կարևորել է ջրային ենթակառուցվածքների զարգացման, աղբի վերամշակման, խմելու ջրի մատակարարման ու կեղտաջրերի մաքրման ոլորտներում համատեղ աշխատանքների և ծրագրերի իրականացումը:

Մարտա Վերդե Բլասկեզը նշել է, որ «GS Inima Environment S.A»-ը բարձր է գնահատում ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը, պատրաստ է համագործակցել նշված ուղղություններով և նորարարական լուծումներ առաջարկել առկա խնդիրների կարգավորման համար:
 

Placeholder
Իսպանական ընկերությունը կօգնի բարելավել Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները