Տրանսպորտ. Ես զարմանում եմ մեր համբերության վրա
Հասարակություն
12:10 13/06/2017
Հայաստան

Տրանսպորտ. Ես զարմանում եմ մեր համբերության վրա

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ամենաշատ ու ամենամեծ խոստումները հասարակական տրանսպորտի ոլորտի կարգավորման մասին էին: Գործող քաղաքապետը իրեն հանդիպած երևանցիներին հորդորում էր համբերատար լինել ու մի քիչ էլ սպասել:

Իսկ քաղաքացիների համբերության վրա ես զարմանում եմ: Աշխատանքից դուրս ես գալիս ու կանգառում սպասելուց ավելի շատ ես հոգնում, քան ողջ օրվա ընթացքում:  Բայց ամենադաժանը առջևում է: Մեկ-երկու լիքը գազել բաց թողնելուց հետո հույսդ  կորցնում ես, մի ոտդ մի կերպ տեղավորում տրանսպորտում, հետո արդեն աներեսի պես հաջորդ ոտքիդ տեղն ես անում:

Գլուխդ էլ ոտքիդ տեղի փնտրտուքներում, ուր ասես, կարող ես մտցնել, ձեռքով էլ պատահած մարդուց կամ առարկայից բռնել: Գազելում խցկված չես էլ ուզում (շատ դեպքերում չես էլ կարող) գլուխդ բարձրացնել, համ քո կուչ եկած վիճակից ես ամաչում, համ էլ հնարավոր ծանոթ մարդուն էդ վիճակում տեսնելուց:

Բայց ամենատառապալին էլ կա: Տոռմուզը: Սովորաբար, վարորդները թեքվելուց առաջ չեն դանդաղեցնում ընթացքը: Շրջադարձն էլ կտրուկ է ստացվում: Մեջի ժողովուրդն էլ դոմինոյի պես իրար վրա լցվում: Մեկի ոտքի ջիլն է ձգվում, մեկի փափուկ հյուսվածքներն են վնասվում, մեկի գլուխը ինչ-որ բանին խփելու ձայնն է լսվում: Դրանց շատ կարճ հաջորդում են ուղևորների դժգոհություններն ու «էս ինչ է տո» արտահայտությունները, մինչև էլի շրջադարձ կլինի:

Վարորդն էլ… Ինչ մեղք ունի: Մտածում է 15 հազար դրամը գծի տիրոջը տալուց հետո ինչ է իրեն մնալու:

Մի տարեց վարորդ ձեռքով անընդհատ աչքին ընկնող արևի դեմն էր ուզում փակել:
Ակնհայտ էր, դեմը չի տեսնում, մի ձեռքով էր վարում ու լարված:  Մեկ մտածեցի՝ իջնեմ, բայց հաջորդ միտքն ավելի շուտ եկավ՝ հետո ո՞նց նստեմ:

Հաջորդ օրը լսեցի ավտոբուսի շրջվելու մասին:

Իջնում եմ, շնորհակալություն հայտնում վարորդին, նա էլ զարմացած ինձ է նայում: Մինչ տուն հասնելը ճանապարհին մտածում,  հետո հույս եմ տալիս, լավ է՝ ես հազարից մեկ եմ տրանսպորտ նստում, մյուսներն ի՞նչ ասեն:

Լուսանկարները ես չեմ արել:






Placeholder