Գյուղապետերն ահազանգում են՝ կարկուտը հարյուր տոկոս ջնջել է բերքը. ՀԺ
Օրվա մամուլ
09:18 14/06/2017
Հայաստան

Գյուղապետերն ահազանգում են՝ կարկուտը հարյուր տոկոս ջնջել է բերքը. ՀԺ

Հունիսի 12-ին  տեղացած կարկուտը  էական վնասներ է հասցրել  հատկապես Արմավիրի մարզի մի շարք համայնքներում:  Խոսվում է բերքն ընդհուպ հարյուր  տոկոսով  ոչնչանալու մասին:  Արմավիրի մարզում Էջմիածնի տարածաշրջանի  9 գյուղերի բնակիչներ,  իրենց անելանելի վիճակից դրդված,  երեկ առավոտյան բողոքի ցույց են իրականացրել՝  փակելով Երևան-Արմավիր ավտոճանապարհի  Էջմիածնից դեպի Արմավիր տանող հատվածը:  Կարկուտից տուժած գյուղերից մեկն Ամբերդն է: 

Համայքնի ղեկավար  Սամվել Բաբայանը  «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է.«Մենք հիմա վնասներն ենք հաշվարկում,  բայց տեղ կա, որ հարյուր տոկոս ջնջել է,  տեղ կա՝ 70,  տեղ կա՝ պակաս:  Հիմնականում բանջարանոցը լրիվ ոչնչացրել է: Բանջարանոց չկա»: 

«Անցյալ տարի հակակարկտային  երկու  կայան ենք դրել,  բայց քամու ժամանակ չեն աշխատում: Երեկ մի պահ քամի չէր, խփեցին: Դա ահագին օգուտ տվեց»,- ասել է նա: 

Մրգաստան համայնքի ղեկավար  Ռաֆիկ Խաչատրյանը նույնպես  խոսելով երեկ տեղացած կարկուտի մասին, ասել է, որ վնասը  հարյուր տոկոսանոց է:  Ասել կուզի՝  մրգի առատության մասին վկայող  անվանումով գյուղում  այս տարի միրգ չի լինի: «Ոչ միրգ, ոչ բանջարանոց,  ոչինչ չի մնացել:  Գյուղի միայն այն հատվածում, որը Էջմիածնի տարածաշրջանի հողերին կպած է,  այդքան վնաս չի եղել,  մնացածը՝ գյուղի սկզբից,  սրբել է»,- փոխանցել է նա: 

Placeholder
Գյուղապետերն ահազանգում են՝ կարկուտը հարյուր տոկոս ջնջել է բերքը. ՀԺ