Վ. Հարությունյան. ՊԵԿ-ում պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր  են պահում համակարգի պատիվը
Տնտեսություն
14:27 14/06/2017
Հայաստան

Վ. Հարությունյան. ՊԵԿ-ում պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը

Իրականացնել համակարգային և որակական փոփոխություններ՝ կարճ ժամանակում հանրությանը տեսանելի դարձնելով արդյունքները. Այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նման հանձնարարական է տվել կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  անդրադառնալով ՊԵԿ-ում մեկնարկած կառուցվածքային և կադրային փոփոխություններին, կոմիտեի ղեկավարը շեշետել է, որ համակարգի ստեղծումից ի վեր, երկրորդ անգամն են նման խոշորածավալ փոփոխություններ իրականացվում:

«ՊԵԿ-ում, միանշանակ, պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր  են պահում համակարգի պատիվը և իրենց ամենօրյա աշխատանքով արդյունավետ պայքարում են արատավոր երևույթների դեմ»,-ասել է նա:

Վարդան Հարությունյանն այս փուլում կարևորել է նաև իրավական հատվածի բարեփոխումների արդյունավետության բարձրացումը: Կոմիտեի ղեկավարը նոր թիմից հարկային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանի խոսքով՝ թեպետ վերջին ամիսներին համակարգում աշխատաոճի դրական փոփոխությունները տեսանելի են, այնուամենայնիվ դեռևս գործելաոճի մեջ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նա հանձնարարել է բացառել հովանավորչությունը, ինչի վերաբերյալ դեռևս ահազանգեր կան:

«Շատ անելիքներ կան, որպեսզի հասարակության վերաբերմունքն ու մոտեցումը փոխվեն: Գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը»,-ասել է նա:

ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ու հորդորել՝ չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը: 

Placeholder
Վ. Հարությունյան. ՊԵԿ-ում պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը