Երբեք չգիտես, թե քո արյան այդ փոքր քանակը որ պահին, ում կյանքը կարող է փրկել. Պատգամավոր
Օրվա թեմա
14:12 14/06/2017
Հայաստան

Երբեք չգիտես, թե քո արյան այդ փոքր քանակը որ պահին, ում կյանքը կարող է փրկել. Պատգամավոր

Հունիսի 14-ը արյան կամավոր դոնորների միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում այսօր տարբեր կազմակերպությունների կողմից իրականացում են քարոզչական ակցիաներ՝ բարձրացնելու դոնորների հեղինակությունը, արյունատվությունների թիվը: Արյունատվության ակցիա իրականացվեց նաև Հայաստանի Ազգային ժողովում: Որպես դոնոր մասնակցեցին օրենսդիր մարմնի անդամներն ու աշխատակիցները:

«Ամեն տարի մենք այսօրվա շրջանակում իրականացնում ենք մեկ ակցիա: Այսօրվա ակցիան նշանակալից է նրանով, որ առաջին անգամ ենք եկել Ազգային ժողով»,- ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը արյուն հանձնելուց հետո նշեց, որ այս ակցիայով  ցանկանում են խրախուսել կամավորական դոնորությունը. «Նման ակցիաները պետք է շարունակական լինեն բոլոր տեսակի պետական, ոչ պետական մարմիններում, կամավոր դոնորությունը հասարակության շրջանում պետք է դարձնել վարակիչ»։

«Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը պատվավոր դոնոր է, տարվա մեջ մի քանի անգամ Արյունաբանության ինստիտուտում հանձնում է արյուն. «Աշխարհում դոնորության ինստիտուտն, անհատույց արյուն հանձնելու ինստիտուտը ճիշտ հիմքերի վրա է դրված: Երբեք չգիտես, թե քո արյան այդ փոքր քանակը որ պահին, ում կյանքը կարող է փրկել: Միայն այն գիտակցումը, որ քո մի փոքր արած բարի գործը կարող է մի երեխայի, մեծահասակի կյանք փրկել, լավ մոտիվացիա է պարբերաբար արյուն հանձնելու համար: Ապրիլյան պատերազմի օրերին  Արյունաբանության ինստիտուտի մոտ ժամերով հերթ էինք կանգնում՝ արյուն հանձնելու համար: Բայց արյուն հանձնելը չպետք է լինի էքստրիմալ իրավիճակներում, ողբերգության, դժբախտ դեպքերի հետ կապված, այլ պետք է կենցաղում մշակել ավանդույթ, գնալ և արյուն հանձնել՝ վստահ համոզմամբ, որ ինչ որ մեկի կյանքը քո արյունը կարող է փրկել»: 

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով, ցանկացած երկրի համար կարևոր է ունենալ արյան պաշարներ, որպեսզի հարկ եղած ժամանակ կարողանա կարիք ունեցողներին տրամադրել. «Մեզանից ոչինչ չի գնում կարիք ունեցողներին արյուն տալու համար և դա մեր պարտքն է»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի համահեղինակներից է: Նա նշեց, որ օրենքը հնարավորություն է տվել ավելի կանոնակարգել  այդ գործընթացը Հայաստանում:

«Բոլոր երկրներում դա կանոնակարգվում է: Մենք դեռ բավականին անելիքներ ունենք, որպեսզի անհատույց արյան դոնորությունը կարողանանք ընդլայնել, ամրապնդել»,- ասաց ԱԺ նախագահը:

Ա. Բաբլոյանի խոսքով, լավ մոտեցում է, որ նրանք, ովքեր ընդունել են արյան դոնորության մասին օրենքը, հենց օրինակ ծառայեն մյուս քաղաքացիների համար՝ հանձնելով արյուն:

Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի պատվոգիր, նաև դոնորի կրծքանշան  շնորհվեցին պատգամավորներ Մարգարիտա Եսայանին, Նաիրա Զոհրաբյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Թովմասյանին՝  արյան կամավոր դոնորության  գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

 

Placeholder
Երբեք չգիտես, թե քո արյան այդ փոքր քանակը որ պահին, ում կյանքը կարող է փրկել. Պատգամավոր